Քանի որ շատ են սկսել խոսել այս մասին մասին, հարկ եմ համարում հատուկ անդրադառնալ 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակին սուգ հայտարարելու առաջարկներին ու նույնիսկ պահանջներին։

Ո՛չ մի սուգ։ Ժողովուրդ, չե՞ք հոգնել սգալուց։ 100 տարի է ապրիլը մեր համար սգո ամիս է, որովհետև իրոք սգալու բան է, երբ մի ամբողջ ժողովդրի գառան պես սրի են մատնում։ Սակայն, սիրելի հայրենակիցներ, ինձ կմատնանշե՞ք պատմական մի նախադեպ, երբ հաղթանակած բանակի զոհված հերոսների համար են սուգ հայտարարում։ Պարտվածների համար՝ հայտարարում են, իսկ հաղթողների համար՝ երբեք։ Մենք պարտվե՞լ ենք։ Այդպե՞ս եք գնահատում մեր 77 մարտում զոհված տղաների զոհաբերությունը։

Հայրենական պատերազմը երբ ավարտվեց, սգո օր չհայտարարեցին։ Մայիսի 9-ը հռչակվեց հաղթանակի օր, որի ժամանակ տոնում են հաղթանակը ու միևնույն ժամանակ հարգանքի տուրք են տալիս և հիշում են ընկածներին, հիանում են նրանց սխրանքներով ու օրինակ են ծառայեցնում իրենց աճող սերունդներին։ Սա է ճիշտը ժողովուրդ ջան։

Զինվորի ծանր բեռն էլ դա է։ Նա հենց դա է երդվում անել․ պաշտպանել մեզ՝ քաղաքացիականներիս ու իր հայրենի երկրի սահմանները թեկուզ սեփական կյանքի գնով։ Մարտում զոհված զինվորը մինչև վերջ տալիս է իր պարտքը հայրենիքին ու ազգին, և արդեն հայրենիքն ու ազգն են պարտք մնում նրան։ Պարտքը մարում են ոչ թե սուգ հայտարարելով, այլ ըստ արժանավույնս գնահատելով նրա զոհաբերությունը։

Ընդամենը 4 օրում մենք 77 մարտական կորուստ ունեցանք և 4 քաղաքացիական զոհ։ Եվս 11 մարդ մահացավ այս ընթացքում ոչ մարտական պատճառներով․․․

100 տարի առաջ մենք չունեինք այն բանակը, որ ունենք հիմա։ Չկային այդ 77, ոչ էլ 7700 զոհերը, որոնք իրենց կյանքի գնով կկանգնեցնեին թուրքին։ Արդյունքում զոհվեց ոչ թե 4, այլ 1,5 միլիոն անզեն մարդ։ 100 տարի անց մենք սերտեցինք այդ դասը։

Մի խղճացեք զինվորին, այլ հպարտացեք նրանով, վստահեք նրան և արժևորեք՝ որպես Ձեր ամենահուսալի պաշտպանի։

Սուգ մի հայտարարեք մարտում զոհված հերոսների համար, այլ հիշեք ու արժևորեք նրանց հավաքական կերպարն ու անձնազոհությունը։

Ես շնորհակալ եմ բոլոր զինվորներից՝ զոված և ողջ մնացած։ Նրանց արյան շնորհիվ է, որ անձամբ ինձ համար ապրիլն այսուհետ առաջին հերթին հպարտության ամիս է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել