Ռուսաստանի նախագահին այսօր հարց են տվել, եթե միարժամանակ խեղդվելիս լինեն Էրդողանն ու Պորոշենկոն, ապա ո՞ւմ կփրկեք: Պուտինը պատասխանել է՝ Երբ ինչ-որ մեկը որոշում է խեղդվել, ապա նրան փրկելն անհնարին է: Ավելի լավ հնարավոր էլ չէր պատասխանել: Բայց այս պատմությունը մի խնդիր ունի. Պուտինին այս հարցը տվել է Վարյան, սա դեռ հեչ, Վարյան՝ 12 տարեկան է, եւ խնդիր սա է: Ես, օրինակ, երբ 12 տարեկան էի, չգիտեի ոչ Ուկրաինայի նախագահի ազգանունը, էլ, ի դեպ, Թուրքիայի նախագահի ազգանունը, չնայած այդ տարիքում որոշել էի փաստաբան դառնալ, որպեսզի միջազգային դատարանում հաղթեմ Թուրքիային: Չգիտեի, քանի որ հեռուստացույց շատ չէի նայում, հիմնականում դրսում խաղում էի, իսկ դրսում խաղալուց ավելի շատ գիրք էի կարդում: Ես երեւի միայն այդ տարիքում էլ գիրք եմ կարդացել, երեւի չէ, հաստատ, ցավոք սրտի: Գրքերում նախագահների ազգանունները գրված չեն, եւ քանի որ մեր տանն էլ, օրինակ հայրս, երբեք չէր ասում, թե ամոթ քեզ, որ չգիտես, թե ով է Ուկրաինայի նախագահը, փոխարենը ես այդ տարիքում գիտեի, որ ենթադրենք Լվովը ուկրաինական քաղաք է, Կիեւն էլ մայրաքաղաքն է, որտեղով հոսում է Դնեպր գետը: Այս ամենը գիտեի, քանի որ գիրք էի կարդում:
Ես կարծում եմ, որ Վարյան եւս գիրք է կարդում, գուցե ավելի քիչ, քան պետք է կարդա, հաստատ ավելի քիչ, որովհետեւ եթե նա ավելի շատ գիրք կարդար եւ ավելի քիչ հեռուստացույց նայեր, նա փոխարենն իմանալու, թե ո՞վ է Ուկրաինայի նախագահը, կիմանար, թե Դոնեցկը ինչական քաղաք է: Իսկ երբ իմանար, Պուտինին գուցե այլ հարց տար, եթե, իհարկե Պուտինին հարց տալու ժամանակ ունենար՝ գիրք կարդալուն զուգահեռ: Ես չեմ կասկածում, որ հենց հիմա 12-ամյա Վարյան հեռուստացույցի առջեւ նստած անհամբեր սպասում էր, թե ե՞րբ պետք է Պուտինն իր հարցին պատասխանի եւ երբ իր հարցը կարդացել են, չեմ կասկածում, որ ուրախությունից թռչկոտել է, չի բացառվում, որ անգամ պատասխանը չի լսել: 12-ամյա երեխան՝ անգամ Պուտինին հարց չի տալիս, որպեսզի պատասխանը լսի, նա ուղղակի հարց տալու համար է հարց տալիս, որ Պուտինն իր անունը տա, որ բոլորն իր անունը լսեն, որ ինքը վաղը գնա դպրոց եւ բոլորն ասեն՝ Սա Վարյան է, նա Պուտինին հարց է տվել: Եթե ես լինեի Վարյայի ուսուցչի փոխարեն, ապա կկանչեի Վարյային գրատախտակի մոտ եւ բոլորի ներկայությամբ նրան կհարցնեի՝ Վարյա, իսկ ո՞րն է Պուշկինի քո ամենասիրելի բանաստեղծությունը, ապա կհարցնեի, Վարյա, իսկ Դ՚Արտանյանը Ֆրանսիայի ո՞ր գավառից էր, հետո կհարցնեի՝ Վարյա, ո՞րն է Մոլդովայի մայրաքաղաքը, իսկ՝ Պորտուգալիայի՞նը: Մինչ Վարյան մտածում է, իսկ նա հաստատ կմտածի, ես կհարցնեի նրան, թե ինչպե՞ս պետք է թաքնվել, որպեսզի քեզ չգտնեն, երբ բակում պահմտոցի ես խաղում, կամ, ի՞նչ է եղել քո ամենասիրելի տիկնիկի անունը, Վարյա, իսկ մուտֆիլմի հերոսի՞: Ես չէի վախենա եւ անպայման կհետաքրքրվեի Վարյայից, թե ինչո՞ւ է նա մերժում Վոլոդյային, որպեսզի տղան նստի իր կողքին, բայց ինքն իր կամքով գնացել նստել է Անդրեյի կողքին: Այս հարցը վերջում էլ հենց կտայի, որովհետեւ այս հարցից հետո Վարյան շիկնելու է, գուցե նաեւ արտասվի: Ինչն էլ երբ տեղի է ունենում, ուրեմն դիմացդ երեխա է: Ապա ես ինձնից գոհ վաղաժամ կավարտեի դասը՝ ապացուցելով բոլորին, որ Վարյան, 12-ամյա Վարյան երեխա է:
Ի դեպ, նկարում Վարյան չէ, նկարում ռուս փոքրիկ աղջնակ է, ավելի փոքր, քան Վարյան: Վարյան ավելի վտանգավոր է, քան Պուտինը, քանի որ երբ Պուտինը 12 տարեկան էր, նա իրենց լենինգրադյան շենքի աստիճաններով արագ բարձրանում էր տուն, որպեսզի ուտի իր այդքան սիրելի ձվածեղը, անկախ նրանից, թե ո՞ր էր ԽՍՀՄ ղեկավարը եւ ի՞նչ հարաբերություններ նա ուներ ուրիշների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել