Այս օրերին բոլորն են խոսում ապրիլյան պատերազմից դասեր քաղելու, հետևություններ անելու և ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին: Բայց ցավալիորեն կարծես իրավիճակն այլ է, այն քառօրյա համախմբման, միաձուլման, ոգևորության, հերոսական, հայրենասիրական կրակն էլ կարծես սկսել է մարել…
Մինչդեռ ընդհակառակը, պետք է անշեջ, անմար պահել այդ կրակը, հզոր, մեծ խաարույկ, ազգային հպարտության ու արժանապատվության հրաբուխ դարձնել, սփռել համայն հայության հոգիներում և սրտերում…
Պե′տք է… Պետք է դասեր քաղել ու գործել, գործել արագ ու շտապ…
Այս օրերին հպարտության մեծ զգացում ապրեցի մեր կանանց, աղջիկների հերոսական, մարտական, ոգեշնչող կեցվածքից ու պահվածքից: Միայն իմ ծանոթներից տասնյակից ավել կանայք են դիմել նախնական զինվորական պատրաստականություն անցնելու, հրաձգության, մարտական տարրական գիտելիքների տիրապետելու, Արցախ, սահմանային թեժ կետեր, առճակատման գոտիներ մեկնելու համար:
Ինչ-որ մեկը զբաղվու՞մ է այդ ուղղությամբ, կա՞ն նման պետական՝ ՊՆ-ին, զինկոմիսարիատներին, զինվորական ուսումնական հաստատություններին կից մարմիններ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են նման հարցերով: Չե՞նք ուշացել այս գործում…Աստված տա, որ դրա անհրաժեշտությունը չզգացվի, սակայն պատրաստվել պետք է:
Կանայք Իսրայելի նման բանակ չեն զորակոչվում, սակայն կամավորական՝ պահեստազորային խմբեր ձևավորելը, դասընթացներ կազմակերպելը, հրաձգարանները ցանկացողների համար հասանելի դարձնելը, կանոնակարգելը, այդ աշխատանքները համակարգված կազմակերպելը պարտադիր է ու անհրաժեշտ:
Սա գուցե այդ դասերից ամենապարզագույններից է, սակայն մեծ գործերը սկսում են նաև մանրուքներից, իսկ դասեր քաղել ու գործել պետք է…Մի տեսակ անհասկանալիորեն շատ ենք հանգիստ ու առօրեական…Մինչդեռ թշնամին մինչև ատամները զինված է, շատ նենգ ու վայրենի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել