hamid dabashiAraratnews.am-ը գրում է.

Հայերը եւ Իրանում, եւ տարածաշրջանի շատ այլ հատվածներում գլոբալ արդիականության մաս են կազմել: Կոլումբիայի համալսարանի իրանագիտության եւ համեմատական գրականության դասախոս Համիդ Դաբաշին այդ մասին գրում է իր հոդվածում, որը հրապարակվել է «Al Jazeera» հեռուստաալիքի կայքում:

Եվրոպական դրամայի կողքին, հայերը ներկա են եղել իրանական կինոյի զարգացման առաջատար փուլերում, իսկ  որոշ հայ հեղափոխական գործիչներ փաստացիորեն եղել են Իրանում 1906 – 1911 թթ-ի Սահմանադրական հեղափոխության առաջնորդների թվում:

«Իմ մանկության քաղաք Ախվազում, որը Հարավային Իրանում է, որտեղ ես ծնվել եմ եւ մեծացել, հայկական համեստ եկեղեցին, դպրոցը եւ համայնքը խնամքով ներհյուսված էին քաղաքի հին հատվածում մեր շրջանին: Եկեղեցին Արդեշիրի փողոցում էր: Ես միշտ անցնում էի այդ եկեղեցու կողքով, երբ դպրոց էի գնում, եւ մինչ օրս հիշում եմ հայկական խոհանոցի հոտը: Ես վերջերս այդ արվարձանի մասին հիշել էի, երբ կարդում էի   «Կոբրայի երեք համբույրը»` Բալյանի սքանչելի վեպը Վարդան անունով հայ առեւտրականի հորինովի կերպարի մասին, որը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով, իսկ հետո վերջնականապես հաստատվում է  Սինգապուրում», – գրում է Համիդ Դաբաշին:

Դաբաշիի խոսքով, իր հայրենի քաղաքում եւ Իրանի այլ վայրերում ապրող հայերը, որոնցից ոմանք նրա ընկերներն էին, շատ նման էին այդ վեպի գլխավոր հերոսին, հայտնի էին իրենց զարմանալի խոհանոցով, առասպելական փոքրիկ սրճարաններով, որտեղ ռուսական օղի էին մատուցում եւ տեղական գարեջուր շքեղորեն փաթեթավորված մորտադելլայով եւ երշիկով բուտերբրոդներով:  «Բայց մեր կյանքի, մշակույթի, պատմության մեջ նրանց ինտեգրացիան չի սահմանափակվում նման համադամ խորտիկներով», – ընդգծում է հեղինակը:

Հայ եւ իրանական համայնքները, Դաբաշիի խոսքով, շատ տարբեր էին եւ չնայած դրան, տարօրինակորեն կապված էին իրար:  «Մայրս հայ մտերիմ ընկերուհիներ ուներ, որոնք նրան էին միանում միայն կանանց մասնակցությամբ կրոնական տոներին: Չնայած ծնողները հայ եւ մահմեդական տղաներին եւ աղջիկներին արգելում էին ընկերություն անել հարեւան համայնքներում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ես մի քանի կրքոտ սիրային պատմություն գիտեմ, որոնք անցել են այդ սահմանները, ինչպես Մոնտեկկի եւ Կապուլետտի ընտանիքների դեպքում   (այդ վեպերից մեկն իրականում Ջուլիետտա եւ Դարհադ էր), չնայած` առանց ողբերգական ավարտի», – գրում է հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել