Դեռ շատ վաղ է խոսել խաղաղությունից: 1992-1994 թվականներին կրակի դադարեցման պայմանավորվածություններ շատ են եղել: Կարծիքներ կան, որ մարտերը տեղափոխվելու են դիվանագիտական դաշտ: Թույլ եմ տալիս ինձ մի փոքր հոռետես լինել. Ադրբեջանը 3 տարի իրավիճակը լարում է, որ իր մասին չմոռանան, ապացուցում է և մի քանի օր առաջ վերջնական ապացուցեց, որ հակամարտությունը «կոնսերվացված» չէ: Սա Ադրբեջանի գլխավոր հաջողություն է:

Մի կողմ թողնենք «կրակի վրա յուղ լցնող» արտաքին գործոններին ու փորձենք հասկանալ, թե ի՞նչ կանի Ադրբեջանը: Ակնհայտ է, որ մենք մարտի դաշտում չենք տեսել Ալիևի ռազմական ուժն ամբողջությամբ, Ադրբեջանը ջախջախված չէ: Բանակցությունների սեղանի շուրջ Բաքուն հավանաբար կպահանջի 2-5 շրջանների հանձնում՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Մերոնք չեն համաձայնվի, որովհետև չկա երաշխիք, որ հետագա բանակցային գործընթացն Ադրբեջանը չի տորպեդահարի ու կշարունակի կրակել արդեն ավելի առաջ եկած դիրքերից:

Ալիևը կսպառնա պատերազմով կամ չի երաշխավորի, որ վերջին դեպքերը չեն կրկնվի: Այսինք, գործնթացն ամբողջովին փակուղային է: Մեր մեջ ասած, 1994-ից այդպես էլ եղել է: Ուղղակի այն ժամանակ կողմերը հոգնել էին պատերազմից, իսկ այժ կողմերից գոնե մեկն ապացուցում է, որ կռվելու ախորժակը տեղն է եկել: Եկեք մենք մեզ իլյուզիաներով չպարուրենք. մենք պատերազմական իրավիճակում ենք: Եկեք «քառօրյա պատերազմ», «Հայրենական պատերազմ» ձևակերպումներից զերծ մնանք:

Քանի կա ռազմական վտանգ, մենք պատերազմի մեջ ենք: Առնոլդ Թոյնբին ասում է, թե պատմական պարադիգման զարգանում է մարտահրավեր-պատասխան մոդելով: Մենք արտաքին լրջագույն մարտահրավեր ունենք՝ ի դեմս Ադրբեջանի զինված ուժերի, դրա պատասխանը կարող է լինել միայն դրանց չեզոքացում-ոչնչացումը: Կասկածից վեր է, որ մյուս ճանապարհը ցեղասպանվալն է: Ադրբեջանն ապացուցեց, որ մեր հետ կատակ չի անում, ցեղասպանելու է, ուստի և այդ մարտահրավերին մրցունակ պատասխան է պետք մշակել՝ սկսած ներքին տնտեսական ու քաղաքական խաղի կանոնների համապատասխան վերախմբագրումներից, վերջացրած պետական հասարակական ինստիտուտների բովանդակային ռեֆորմներով: Ու սա պետք է շատ արագ արվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել