Անհերքելի փաստ է, որ ապրիլյան 4 օրյա պատերազմն իր բացասական ազդեցությունը թողեց Ադրբեջանի հանրության՝ սեփական բանակի հանդեպ ունեցած վստահության վրա։ Նախ, Ադրբեջանի վերնախավի նախաձեռնած մարտական գործողությունները, որոնք մեծ հաշվով տապալվեցին, ի չիք դարձրին այդ երկրի պաշտպանության նախարարի պարբերական հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի բանակը մի քանի օրում կհասնի Ստեփականակերտ, Շուշի...: Նույն նախարարը նաև հաճախ սիրում էր հայտարարել, թե Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է մեկ հարվածով ոչնչացնել «թշնամու» ռազմական կառույցների 70 տոկոսը։ Բազմաթիվ կորուստներից հետո հասարակ ադրբեջանցիների մոտ առաջացել են այս հարցները՝
1. ո՞ւր է մեր ժամանակակից զինտեխնիկան, որով պետք է հաղթանակ տոնեինք,
2. ինչպե՞ս է ձեր ներկայացրած աղքատագույն երկիրը, որտեղ «սովից մեռնում են», կարողանում դիմակայել մեր գերհզոր բանակին...
Այսօր կարող ենք պնդել, որ 4 օրյա պատերազմը լակմուսի թուղթ էր, որը հստակ ցույց տվեց և՛ հայկական կողմի, և՛ Ադրբեջանի իրական հնարավորությունները։ Ադրբեջանի հանրության մի ստվար զանգված, կարծես թե, սկսել է հասկանալ, որ սեփական իշխանությունները տարիներ շարունակ խաբել են իրենց: Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ եթե Ադրբեջանը փորձի կրկին վերսկսել ռազմական գործողություններ, ապա չի ստանա այն աջակցությունը, որը հանրությունը ցույց էր տալիս վերջին բախումների ժամանակ: Իսկ նման վերաբերմունքի պատճառները ավելի քան պարզ են. Ադրբեջանը սեփական քաղաքացիներից թաքցնում է բազմաթիվ զոհերի՝ վերջիններիս քողարկելով դատարկ հայտարարություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել