Aravot.am-ը գրում է.

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որը վերջին օրերին եղել է առաջնագծում, այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց, որ իրավիճակն Արցախի սահմանային զորամասերում նկարահանել է, որոշ տեսանյութեր ցուցադրվել են հեռուստատեսությամբ, նաեւ հասանելի են համացանցով:

«Նյութերը շատ են, բայց ամեն ինչ չէ, որ թույլատրված է ցուցադրել»,-ասաց նա: Ռեժիսորը նկատեց, որ դասալքության ոչ մի դեպք չի գրանցվել. «Առաջին բանը, որ նկատեցինք, զինվորների տրամադրությունն էր: Կարծես տոնական լիներ: Բոլորը զգաստ էին, հանգիստ: Աչք ծակեց սպաների եւ զինվորների միասնական աշխատանքը: Համոզված եմ, որ նրանք հոր եւ որդու կարգավիճակում են:

Զինվորները տեսան` ոնց են սպաներն իրենց մարմնով փակում իրենց դիմացը: Ականատեսը պատմել է` ավագ լեյտենանտը զինվորների մի մասին հասցրել է տանել թաքստոց, հետ է եկել մյուս երկուսի մոտ, գոչել է` Վարդան, արագաց… ու այդ պահին պայթել է արկը, երեքն էլ զոհվել են… Ցնցված եմ ուղղակի, դա հերոսություն է:

Մեկ այլ դեպքում ամուսինը գնացել է կռվելու, կինն էլ է ծառայող եղել: Ամուսինը կռվի ընթացքում զոհվել է, կինն էլ ծառայում էր եւ չգիտեր այդ մասին… Այնպիսի բաներ ենք տեսել, որ չնայած այս ամենին` ազգային վերելքը երբ տեսնում ես, հպարտություն ես ապրում»,-պատմեց Զաքարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել