Hraparak.am-ը գրում է.

Գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը մինչև երեկ հույսը չէր կորցրել, որ իրենց Ալեքսանին գուցե գտնեն կենդանի կամ վիրավոր: Սակայն երեկ ՊՆ հրապարակեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ մարտերի ընթացքում զոհվածների անունները, Ալեքսան Առաքելյանի անունը այն 18 անհայտ կորածների մեջ էր, որոնց դիերը փոխանակեցին երեկ:

Ալեքսան Առաքելյանը, ավարտելով զինվորական ակադեմիան, 10 տարուց ավել է ծառայում էր բանակում: Ջաբրայիլի երկայնքով ընթացող մարտի ժամանակ նա գումարտակի հրամանատարն է եղել, պայքարել է մինչև վերջ, ապա շրջափակման մեջ հայտնվելով՝ անհայտ կորել է:

Այսքանը պատմեցին ծանոթները, ովքեր որոշակի ինֆորմացիա ունեին նրա զինվորական գործունեությունից: Ալեքսան Առաքելյանը երկու անչափահաս երեխաների հայր էր, ունի որդի եւ դուստր: Գյումրիում բնակարան չուներ, անգամ իրերը Ջաբրայիլ տեղափոխելու համար պարտքով գումար՝ 140.000 դրամ է վերցնում և ընտանիքի հետ տեղափոխվում ԼՂ, ուր հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ էր նշանակվել: Հարազատների խոսքերով՝ սիրում էր Արցախը շատ….: Տեղեկությունների համաձայն՝ հավանաբար ադրբեջանական մամուլը հենց նրան էր նկատի ունեցել, երբ լուրեր էին տարածել, թե հայ գեներալի են սպանել:

Նշենք, որ Շիրակի մարզից ևս երկու զինծառայողի դի երեկ հանձնվել է հայկական կողմին, որոնց նույնպես փոխգնդապետի հետ Շիրակ կտեղափոխեն այսօր: Այս ամենից բացի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում միայն Գյումրիից զոհվել էր 6 զինծառայող, Գետափից՝ մեկը,  նրանց արդեն հուղարկավորել են:

Հ. Գ. Լուսանկարը՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ, 168.am-ից: Ալեքսան Առաքելյանի հայրն է պատկերված՝ Գեւորգ Առաքելյանը, ով եկել էր Արցախ՝ որդուն գտնելու հույսով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել