Հերոսներ ծնում է ազգը, ու նույնքան հաճախ էլ՝ գրողներն ու պատմաբանները: Որովհետև դրա կարիքը կա, որովհետև եղած հերոսները «ծնում» են նոր հերոսներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Դերենիկ Դեմիրճյանը, գրելով իր «Վարդանանք» պատմավեպը, ուներ մի վեհ և շատ կարևոր նպատակ` ստեղծել հերոսական կերպար, ինչը նրան շատ լավ հաջողվեց: Եվ հայ ազգը պատերազմին մասնակիցների թվի և հերոսների հարաբերակցությամբ առաջինն էր: Այդքան հերոսներ մի փոքրիկ ազգից, որի զավակները խրամատներում հատուկ ուղարկված «Վարդանանք» էին կարդում:

Ավելի հեռուն չեմ ուզում գնալ ու խոսել Հերակլեսի և այլ դիցաբանական կամ մտացածին հերոսների և նրանց «արարման» պատճառների մասին:
Չեմ խոսի նաև այն մասին, թե ինչպես որոշ դեպքերում ռազմի դաշտում զոհված ընկերոջ դիակով գնդացրի բերան էին փակում և հետո դա ներկայացնում որպես նրա կողմից հերոսական և անձնազոհ քայլ, և դա պահպանում որպես գաղտնիք`հետմահու հերոսացնելով իրենց ընկերոջն ու նաև սեփական անձը խնայելով:

Իսկ հիմա, հիմա ամեն «ձվից հելած» փորձում է մի «խելոք» և ամենակարևորը վարկաբեկող բան ասել մեր հերոսների մասին: Մարդկանց, ովքեր կյանքի գնով այդ «ձվից հելածների» այսօրվա գոյությունն են ապահովել, երկրի լինել-չլինելն են ապահովել, որում նա ապրում և «քննադատում» է այդ իսկ հերոսներին:

Քանի-քանի հերոսներ ենթարկվեցին այդ մեյմունների «ծաղրուծանակին», որոնց նպատակն ընդամենը սեփական մոնիտորի հետևում թաքնված լինելով ինքնահաստատվելն էր և ով օրական մի քանի անգամ կեղտոտում է իր աթոռին՝ մտածելով, որ կարող է պատերազմ սկսել, ու ինքն էլ հայտնվի դիրքերում:

Եվ մի՞թե մեր «կրեատիվ» և «գերհումորով օժտվածները» չեն հասկանում, որ Գարեգին Նժդեհի անունը եթե պետք է դարձնել «բրենդ», ապա որպես «հերոսական կերպարի», այլ ոչ թե ֆանտոմասի, օռկի, փոստատար Պեչկինի կամ էլ Մաուգլիի դեմքով «մեյմունի»...

Ուշքի եկեք, դուք անարգում եք ձեր ազգի հերոսներին, ձեր ազգի պատմությունը, ձեր ազգը, ուրեմն և ինքներդ ձեզ...
Չնայած դուք հավանաբար ազգություն չունեք, համենայն դեպս մենք ձեր հետ նույն ազգից ՉԵՆՔ, ես Հայ եմ, իսկ դո՞ւք...

Հ.Գ. Ձեզ և Դուք-երը հատուկ եմ փոքրատառ գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել