Այսօր թուրքական լրատվամիջոցներով տարածվում է հերթական սադրիչ ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում Քրդստանի բանվորական կուսակցության կազմում թուրքական բանակի դեմ կռվում են հայ զինվորականներ: Այս անգամ ավելի հեռուն գնալով՝ թուրքական ԶԼՄ-ները սենսացիոն վերնագրերի ներքո գրում են, որ ՔԲԿ-ի կազմում վնասազերծված զինյալների շարքում բացահայտվել են 7 հայ դիպուկահարներ, որոնք հայկական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներից են եղել: Իհարկե, առանց որևէ փաստ նշելու սա կրկին կապում են նաև ԱՍԱԼԱ-ի հետ:
Ինչևէ, սա թուրքական տեղեկատվական դաշտում սադրանքների տրամաբանական շարունակությունն է: Օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ները լայնորեն տարածում էին, որ ՔԲԿ-ի զինյալներ են տեղափոխվել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի դեմ կռվելու համար: Թուրքերն արդեն, կարծես, սկսում են գերազանցել իրենց «կրտսերներին»՝ սենսացիոն ու գլխակորույս ապատեղեկատվությունների հորձանուտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել