Տեղաբնիկների հանդեպ տարվող Բաքվի բռնապետի ներկա քաղաքականությունը ունի պատմական արմատներ: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (1918-1920թթ.) աչքի էր ընկնում տեղաբնիկների հանդեպ դաժան քաղաքականությամբ:

Հետաքրքիր փաստեր են արձանագրված հատկապես Արցախի և հարակից որոշ շրջանների քրդական տարրի հանդեպ կիրառված դաժանությունների վերաբերյալ: Այն դեպքում, երբ քրդական գործոնը ադրբեջանական իշխանությունները բազմիցս փորձել են շահարկել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում` ընդդեմ հայկական պետականության:

Քրդաբնակ գյուղերը հատկապես տուժել են Խոսրով բեկ Սուլթանովի հետ ազգակցական կապի մեջ գտնվող Քոթուրլիի բեկերի հարձակումներից, որոնք շատ ավելի ավերիչ ու դաժան հարձակումներ էին գործում, քան հենց Սուլթանովի ավազակախմբերինը: Սուլթանովի հետ Քոթուրլիի բեկերի ազգակցությունն էլ ավելի ազատություն էր տալիս վերջիններիս ձեռքերին: Երբ նրանց ջոկատը մտնում էր քրդական որևէ գյուղ, գյուղի բնակիչները փախչում էին գյուղից բացառությամբ առանձին դեպքերի, երբ փորձում էին զինված դիմադրություն ցույց տալ, թեև երբեմն անարդյունք: Տղամարդկանցից նրանց, ում կարողանում էին բռնել, ուղեկցորդ պահակախմբի հսկողությամբ ուղարկում էին պարտադիր աշխատանքի, որը չէր վարձատրվում և ուղեկցվում էր մտրակի հարվածներով:

Գերիները պարտավոր էին իրենք հոգալ իրենց սննդի համար: Քրդական ցեղերի վրա մուսավաթական ավազակախմբերի հարձակումների ժամանակ բնակիչներն ենթարկվել են նաև նրանց կողմից իրականցվող ահաբեկչությունների ու ականատես են եղել կրակոցների, համագյուղացիների սպանությունների դեպքերի:

Գյուղացիների վկայությամբ կրակոցներից հետո Քոթուրլիի ավազակները պահանջել են գյուղացիներին վճարել ծախսված փամփուշտների համար: Իսկ գյուղացիների հրաժարվելը, կարող էր պատճառ դառնալ ունեցվածքի բռնագրավման և ամբողջական թալանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել