Երբ ասում եմ, թե Հայաստանի ասիմետրիկ պատասխանը Ադրբեջանին, դեմոկրատական դառնալն է ու առաջնահերթ կոռուպցիայի դեմ պայքարը, սիրուն խոսքեր պարզապես չեմ ասում, ոչ էլ քաղաքական օրակարգ եմ փորձում թելադրել։ Ահա ասածիս փաստարկումը.
Այս օրերին մի քանի տեղ նկատեցի թեթև ջրբաժան՝ դրսում ապրող հայերի ու այստեղի հայերի միջև։ Ողբերգական զոհերից մեկը էթնիկ եզդի էր, ու այս հանգամանքն ավելի է շեշտում քաղաքացին ընդդեմ էթնոսի խնդիրը։ Ասում են այս պահին քաղաքացին է կարևոր։ Չեմ ուզում այս վեճը խորացնել։ Հաճելի վեճ չի իրականում։ Սակայն ցանկանում եմ շեշտը դնել այլ բանի վրա՝ հարկերի։ Այսօր, Հայաստանի աղքատը, որը հաց է գնում, այդ հացի գնի մեջի հարկը գնում է բյուջե ու դառնում է զինվորի սնունդ։ Ահա այս փոքրիկ հարկերը պահում են մեր բանակը։ Վարկերն էլ ենք մենք փակելու։ Մինչդեռ, օրինակ Մոսկվայում կամ Լոսում ապրող հայերի վճարած հարկերը գնում են այլ ռազմական նպատակների։
Բայց դեռ չեմ ասել ասածս։ Ժամանակին գոյություն ուներ «ալբանական հարկ»։ Տարբեր երկրներում աշխատող ալբանացիք իրենց եկամտի 5 տոկոսն ուղարկում էին Կոսովոյի խնդրի լուծմանը։ Հիմնականում այդ գումարները դարձան ԱՄՆ-ում լոբբինգի ֆինանսավորման աղբյուր։
Ապրել մի երկրում, սակայն երկու երկրի հարկ վճարել, դժվա՞ր է չէ։ Բայց եթե ցանկանում ենք հայկական հրաշքի, ապա հսկայական ջանքեր ու ռեսուրսներ են իրոք պետք։
Ու ահա այստեղ է ծագում խնդիրների խնդիրը։ Վստահությունը։ Վստահությունն առ այն, թե ինչպես են այդ միջոցները ծախսվելու։ Ի՞նչ արդյունավետությամբ ու ի՞նչ վերահսկողությամբ ու ի՞նչ նպատակների համար։ Շատերը, այո շատերը առաջինը մտածում են, որ Հայաստանին տրվող օգնությունը գնալու է անհատների գրպանը, թալանողների վիլաներին և այլ նպատակների։
Իրականում, եթե Հայաստանը դառնա իրոք դեմոկրատական ու կոռուպցիայի վերջը տանք, անհավանական հնարավորությունների դռներ կբացենք։
Այսօր, արտասահմանում ապրող շատ հայեր իրենց բավական հաջող ծրագրերն են սկսել Հայաստանում։ Վստահության պակասը բերել է սեփական միջոցների սեփական կառավարման ու վերահսկողության կարիքի։ Բայց սա շատ չնչին է, միայն մի քանի մեծահարուստ հայերի մասին է խոսքը։ Հայերի հիմնական հատվածը, որը Հայաստանում չի, չգիտի ինչպես վստահելի ձևով դառնա Հայաստանի մասնիկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել