Մեղքս ի՞նչ թաքցնեմ, նահատակ ու մարտիրոս բառերը չեմ սիրում: Գիտեմ, իհարկե, բառերի իմաստն ու արժեքը: Հազիվ թե իմ ընկերների մեջ չիմացող լինի…
Ու հիմա, երբ մեր լուսավոր հերոսների, սեփական երկրի ու ազգի համար իրենց կյանքը չխնայած առյուծասիրտ տղաների մասին ասում են՝ մարտիրոսված, նահատակված, էլի՝ մեղքս չթաքցնեմ, ինձ «մի տեսակ» եմ զգում:
Երբ ասում են՝ նահատակ ու մարտիրոս, ապա՝ հավատի, գաղափարի համար տանջալի մահ ընդունած նվիրյալից բացի ու դրանից առաջ ես, ոնց ասեմ՝ խեղճուկրակություն, անօգնականություն, թուլություն, կառափնարան տարվողի ճարահատություն ու էլի նման բաներ եմ «տեսնում»: Չգիտեմ, գուցե ես վա՞տ քրիստոնյա եմ, միգուցե էդքան էլ քրիստոնյա չեմ ու, հնարավոր է, որ դրանից եմ այդպես ընկալում:
Եվ երբ մեր ընկած հերոսների մասին են ասում՝ նահատակ, սիրտս ընդվզում է… Որ մի հատ էլ ասում են՝ «խե՜ղճ էրեխեք…», բորբոքվում եմ, թեպետ սառնասրտությունս էլ հերիքում է, որ բորբոքվածությունս մեջս մնա: Չէ, գիտակցությամբ ընկալում եմ, որ դա վշտի, կարեկցանքի ու ցավի արտահայտություն է: Հասկանում եմ, որ ցավից կծկված սրտերով ազգակիցներս, նույնիսկ ամենապերճախոսները բառեր չեն գտնում՝ իրենց նույն այդ սիրտը հեղեղած հակասական հույզերն արտահայտելու և շուրթերից պոկվում է՝ «խեղճ էրեխեք»-ը…
Բայց հարազատներս, ուշադիր ու լավ նայեք լուսանկարներից ձեզ, մեզ, բոլորիս նայող՝ այս օրերին ընկած նվիրյալների, Վահագնի ընտրյալների պայծառ, շատերի գրեթե պատանեկան դեմքերին: Ուշադիր և լավ նայենք վիրավորված, անվարան Հայրենիքը պաշտպանելու նետված, ոտք ու ձեռք կորցրած մեր վիրավորների կեցվածքին, ուշադիր ու լավ լսենք նրանց խոսքը: Ուշադիր ու լավ նայենք հենց էս պահին զենքը ձեռքին դիրքում կանգնած, թշնամու հետ կռիվ տվող ու ռազմաճակատից իր հարազատներին ու ընդհանրապես իր ազգին «դուխ տվող», մեծաքանակ ոսոխին տանկուվեռտալյոտով հանդերձ շանսատակ արած ու անելու էլի պատրաստ տղաների աչքերին:
Ի՞նչ խեղճ-ի, ի՜նչ նահատակի մասին է խոսքը: Փորձության մի քանի վայրկյանի մեջ, ակնթարթորեն ոգով առնականացած, ասես Տորք Անգեղի ու Սասունցի Դավթի առասպելական զորությունն ստացած այս 18-20, 25 տարեկան տղերքը մեր չուզողի աչքն են տվել-հանել, մեր թշնամու կաղկանձն են աշխարհատարած արել՝ էնպես են քիթումռութին հասցրել...
Նման դեպքերում բոլոր բառերն են խամրում, գիտեմ: Բայց նայենք…
Ես, որ նայում եմ ու հզորություն եմ տեսնում ու հաստատակամություն եմ տեսնում: Վճռականություն ու քաջություն եմ տեսնում: Ազնվություն ու ասպետություն եմ տեսնում: Սեփական անելիքն իմացող, իր անելիքին տիրապետող, իր ուժերի ու ընկերների միասնության վրա վստահ տղամարդու արժանապատվություն եմ տեսնում:
Ուժ եմ տեսնում ու լուսեղեն Ոգի: Անհաղթելի, անընկճելի, անխորտակելի ու անկոտրում Ոգի, որ ասես հազարամյակների խորքից գալիս է ու իրենց հայացքների միջով լցվում է ուղիղ սրտիս մեջ:
Անմա՛հ, անահ ոգի ու ոգեղենություն:
Մեր տղերքը խեղճ չե՛ն, մենք խեղճ չե՛նք, մեր ազգը խեղճ չէ՛: Խեղճն ու խղճուկը նա է, ով ուզում է մեզ ներշնչած լինել, թե մենք խեղճ ենք, թե մենք էս ենք, էն ենք... Էնքան են էդ բաները քարոզել, որ մենք էլ ենք, այ մարդ, զարմանում, երբ տեսնում ենք, թե ինչքան միաբան, միակամ կարող ենք լինել ու, որ լինում ենք, ինչքան զորեղ ենք դառնում…
Մեր հերոսները հզոր են: Իրենց ոգին մեզ է փոխանցվում պատգամի նման, հորդորում է՝ չխեղճանաք հանկարծ…
Լուսավոր ու անկեղծ նայում են ու կարծես ասում՝ հայեր ջան, մեր մատաղ կյանքը նրա համար չենք դրել, որ որևէ հայ խեղճանա: Հայեր ջան, ճականերդ բաց ու գլուխներդ բարձր նայեք ալամ-աշխարհին, որովհետև մեր պես զավակներ ունեք, որոնց համար ամաչելու բան չունեք և որոնց համար հպարտանալու բան ունեք…
Օրինակ վերցնենք մեր երեխեքից ու հանկարծ չխեղճանանք: Հանուն իրենց արածի ու զոհողության…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել