Էլ չասեմ, թե ինչքան ենք խոսել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի աղետալի հետևանքների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով խոսել ենք, բացատրել ենք, բողոքել ենք, որ անթույլատրելի է ռուսական զենքի վաճառքը հակառակորդ պետությանը: Ասում էինք, որ այդ զենքը օրերից մի օր կրակելու է մեր եղբայրների և խաղաղ բնակչության վրա: Լսող չկար. հակառակը հայկական քաղաքական դաշտում գործունեություն ծավալող քաղաքական ուժերի մեծամասնությունը այս փաստը նորմալ էր ընդունում և տարատեսակ «հիմնավորումներ» էին բերում ի պաշտպանություն ռուսական թշնամանքի: Տեսա՞ք ինչ տեղի ունեցավ, հասկացա՞ք, որ կոլաբորացիոնիզմը օրերից մի օր հանրային դիմադրության է հանդիպում: Հիմա փորձեք հիմնավորել ռուսների «բարեկամությունը», բայց արդեն այսքան զոհերի ֆոնին, որոնց մեծ մասը զոհվեցին ռուսական ժամանակակից հարձակվողական և հակատանկային զինատեսակների կիրառման արդյունքում:
Որպես համեմատություն նշեմ, որ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներից և ոչ մեկը հակամարտող կողմերին զենք չի վաճառում, իսկ միայն ՌԴ-ն Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի ժամանակակից հարձակվողական զենք է վաճառել: Օրերից մի օր այդ զենքը պետք է կրակեր ԼՂՀ և ՀՀ սահմաններին:
Հ.Գ. Գոնե հիմա հարկավոր է ամբողջությամբ վերանայել ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինը (եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի): Առանց քաղաքական դաշտում առկա կոլաբորացիոնիստների և 5-րդ շարասյան առկայությունից վախենալու: Հասկանալի է մյուս դեպքերում իշխանության զգուշավորությունն ու վախը, բայց ներկայումս արտաքին քաղաքականության վերանայումը ամբողջությամբ վայելելու է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության համակրանքը և բխելու է ՀՀ շահերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել