Վաղը Մեդվեդևը գալու է Հայաստան, իսկ մյուս օրը գնալու է Ադրբեջան։ Ակնհայտ է, որ շատ բարդ ու ինտենսիվ բանակցություններ են սպասվում թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Իլհամ Ալիևին։ Ենթադրում եմ, որ Մեդվեդևի այցի հիմնական նպատակը հիմնական դրույթներ համաձայնեցնելն է ու Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումի կազմակերպումը։

Սակայն, մեծ է հավանականությունը, որ Մեդվեդևի առաքելությունը կձախողվի, որովհետև ո՛չ մեր հանրությունն է պատրաստ զինադադարի, ո՛չ էլ Ադրբեջանը։ Ստորև կանդրադառնամ թե ինչու։ Եթե այնուամենայնիվ այս առաքելությունը պսակվեց հաջողությմաբ, ապա ամենայն հավանականությամբ կվերականգնվի մինչև ապրիլի 1-ը եղած վիճակը՝ իր բոլոր բացասական ու սակավաթիվ դրական կողմերով։

Հիմա մի քանի դիտարկում-հիպոթեզներ։

Մենք պատրաստ չենք հրադադարին, որովհետև ժողովուրդը արդեն ոտքի է կանգնել, բանակն էլ դուխով է։ Ոմանք համարում են, որ 500 քառակուսի մետր հողի ու դիրքերի կորուստը պարտություն կարելի է համարել, եթե դա այդպես էլ մնա, սակայն իմ համեստ կարծիքով դա սկզբունքորեն սխալ է։ Ի վերջո, առաջնագծի դիրքը երկարաժամկետ պաշտպանության համար նախատեսված ամրաշինություն չէ։ Գործնականում, գուցե ցինիզմ թվա, բայց առաջնագծի դիրքերը պարզապես ժամանակ շահելու համար են։ Դրանց համար մղված մարետրը պետք է ժամանակ տան, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան մշտական տեղակայման վայրերից ու բացազատվեն։

Ցանկացած պարագայում անգամ այդ դիրքերի կորուստը չի կարելի համարել պարտություն, որովհետև հակառակորդի ներգրաված ոժերից ու կրած կորուստներից պարզ է դառնում, որ նրանց նպատակը բնավ խրամատ գրավելը չէր, այլ օպերատիվ խորության վրա դուրս գալը, ինչը նրանց բնականաբար չի հաջողվել, իսկ 500 քառակուսի մետրի համար համարյա 1000 զինվորով ու այդ քան խոցված տեխնիկայով վճարելը բացարձակ իռացիոնալ գին է։ Պարզ ասած, մեր բանակը կանգնեցրել է նրանց հարձակումը ու հրադադարի կնքման պահին իրոք չնչին նահանջի հետ գործ ունենք։ Գիտակցելով սա, ինչպես նաև այն, որ ժողովուրդն այս պահին մոռացել է բոլոր դժգոհություններն ու հիասթափությունը և նեցուկ է բանակին ու պետությանը, Սերժ Սարգսյանը բավականին ամուր դիրքեր ունի սպասվող բանակցություններում։

Ադրբեջանի մասով էլ Մեդվեդևի համար հեշտ չի լինելու, որովհետև գրանցված արդյունքը բացարձակապես չի բավականացնում Ալիևին ու նրա հանրությանը։ Ադրբեջանական բանակը չի կորցրել իր մարտունակությունը, իսկ հասարակությունը բավականին ռազմատենչ է տրամադրված, մասամբ նաև այն պատճառով, որովհետև չեն գիտակցում իրենց կրած կորուստների իրական ծավալը։

Եթե Մեդվեդևը տապալի բանակցությունները, ապա ամենայն հավանականությամբ մարտական գործողությունները նոր թափով կվերսկսեն արդեն նույն օրը, բայց արդեն կրցված է անակնկալի բերելու շանսը, զորքերը բացազատված են ու դիրքավորված։ Բախումների վերսկսման դեպքում դրանք նման կլինեն խիստ արյունալի մսաղացի պես, ինչպես դա եղավ Մատաղիսի ճակատամարտում, որտեղ հակառակոորդը կենդանի ալիքներով էր գալիս մեր վրա։

Ամեն դեպքում, նույնիսկ այս սցենարով, մենք ունենք հարաբերական անդորրի 2-3 օր ու պետք է խելամիտ տնօրինենք այդ ժամանակահատվածը։ Ամենակարևոր բաներից մեկն էլ, որ պետք է արվի, աստիճանաբար հրապարակվի մեր կորուստների ողջ թիվը, որպեսզի համ հասարակությունը հետո սառը ցնցուղի պես չբախվի այդ թվերին, համ էլ զգայականության սանդղակը մի քիչ նվազի։ Գուցե անսիրտ է հնչում, բայց սա պատերազմ է ու պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Ավելորդ հուզականությունն ու վախը պարտության են բերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել