Երբ գալիս է Արժանապատվության պահը... Այսօր հիշենք նաև, որ դեռևս անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը փորձեց նախահարձակ լինել և տարբեր զինատեսակներից ռմբակոծել սահմանամերձ գոտին, որի արդյունքում կրկին ցավալի զոհեր էինք ունեցել: Այն ժամանակ Հայաստանում բողոքի մեծ ալիք էր` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին աննախադեպ ծավալի զենք վաճառելու փաստի առիթով, որը մահաբեր կրակ էր սփռում մեր վրա ու հետագայում էլ նույնպես ուղղվելու էր բացառապես միայն մեր դեմ: Այդ օրերին էր, որ Ռուսաստանում անկեղծ զարմացել էին, որ հայերը ընդհանրապես կարող են ինչ որ հարցում հակառակվել ռուսներին: Բանը հասավ նրան, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը հայտարարեց բառացիորեն հետևյալ զավեշտական խոսքերը. «Եթե անգամ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա Հայաստանը միայն պետք է ՈՒՐԱԽ լինի դրա համար»:

Իհարկե, ռուս պատգամավորի վերոնշված խոսքերում դժվար էր գտնել որևիցէ սթափ տրամաբանություն և իրավիճակի ադեկվատ ընկալում: Հարց էր առաջանում. «ուրախանայինք» ինչի՞ համար, արդյո՞ք միայն նրա համար, որ ազերիները ռուսական արտադրության զենքով են գնդակահարում մեզ ու ավերում մեր բնակավայրերը: Փառք Աստծո՝ այդ աստիճանի անհույս մազոխիզմը դեռևս ամբողջությամբ չի տիրել մեր գիտակցությանը: Անկեղծ ասաց, իհարկե միանշանակ տխուր է, որ այդքան փոքրացված է մեր երկրի ու մեր մարդկային կյանքերի գինը «ստրատեգիական դաշնակցի» պաշտոնյաների սահմանափակ պատկերացումներում: Բայց եկեք ընդունենք, որ այստեղ մեծ է նաև մեր իսկ մեղքի մասնաբաժինը:

Հուսանք, որ այսօր, երբ մենք հաղթած ենք դուրս եկել մեզ պարտադրված այս նոր պատերազմում, գուցե եկել է արդեն նաև Արժանապատվության պահը՝ շատ հարցեր վերաարժևորելու ու ներկան սթափ և իրատեսականորեն գնահատելու համար: Դա պետք է անել հանուն մեր երկրի վաղվա օրվա, որ կարողանանք իրոք անվտանգ Հայրենիք թողնել մեր ապագա սերունդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել