Երևան, Հայաստան
26° Ց: 30°   Գ: 16°
13.01.2013  22:10

Մարտիրոս Սարյան. Կենսագրությունը

BlogNews

 

Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: 
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:
1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր: 
Ստեղծագործության 1-ին շրջանում (1904–09 թթ.), հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907 թ-ին Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904 թ., «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով: 
Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են: 
1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է նոր, ինքնատիպ արժեք ու որակ:
Մեծ եղեռնի (1915 թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին. Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց: 
1916 թ-ին Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919 թ-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 
1921 թ-ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը, Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945–51 թթ-ին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924 թ-ին մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926–28 թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928 թ-ին բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937 թ-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: 
Սարյանի դիմանկարներում, նատյուրմորտներում, բնանկարներում և պաննոներում («Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», երեքն էլ՝ 1923 թ., «Վահրամ Փափազյանի դիմանկարը», 1924 թ., «Աշնանային մառախլապատ օր», 1928 թ., «Զանգվի ափը», 1930 թ., «Ծաղիկներ», 1945 թ., «Բակի անկյուն», 1953 թ., և այլն) 1923 թ-ից արմատապես փոխվել են նկարչի տեխնիկայի որոշ սկզբունքներ. իրականության հետ կապը դարձել է առավել անմիջական, երևակայականն ու կյանքի իդեալականացված կերպավորումները փոխարինվել են շոշափելի և բնական պատկերացումներով: Ուշագրավ են Արարատյան դաշտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնանկարները: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952–58 թթ.) համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1961 թ.): 
Սարյանը ձևավորել է գրքեր (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները», 1929 թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», 1930 թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», 1933 թ., և այլն), օպերային (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը», 1930 թ., Օդեսայում՝ 1933 և 1939 թթ., ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941 թ., Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», 1956 թ., և այլն) ու թատերական (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն», 1956 թ., Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումներ, նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը: 
Սարյանը գույնի մեծ վարպետ է. ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հզ. գործ: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:
Սարյանի գործերից պահվում են հիմնականում ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: 
Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958 թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965 թ.): Նա ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947 թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956 թ.) ակադեմիկոս էր:
1955 թ-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967 թ-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20-հզ-անոց թղթադրամ: 
Սարյանը գրել է «Գրառումներ իմ կյանքից» (1980 թ.) գիրքը:
Սարյանի անունով Երևանում կոչվել է փողոց, տեղադրվել է հուշարձանը:


Դիտվել է 3806 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511