Դժվար է գրելը: Փակագծեր բացելն ու չբացելը: Որքա՛ն հասկանալի է այս պատերազմի ծագումը: Ալեկոծվում է հայ համայնքը: Մի տեղ սերն է ալիք տալիս: Մի տեղ՝ տագնապը: Արիությունը: Մի տեղ էլ վեր է ելնում դավաճանության փրփուրը: Ա՛խ, դավաճանության մունետիկներ, նորից ուզում եք շեղել մեզ ճշմարիտ ճանաչողությունից: Ո՛նց եք երևում:
Սա մեր ազատագրության պատերազմն է: Ազատագրում՝ մեր սխալներից ու պատրանքներից: Ամեն օրը մի դաս է բերելու մեզ, որ պիտի կարդանք: Այսօր դասերն սկսվեցին: Օ՛, դժոխային դասատուներ: Ուղիղ են ձեր տեքստերը:
Հայ վերլուծաբաններ, վերլուծելու բան չունեք – ձեր օրը չէ: «Թուրքատյացներ», ձեր օրն էլ չէ: Մենք արդեն սովորել ենք թուրքին հաղթել – ատելը մեր ինչի՞ն է: Էս 25 տարի թուրքին ատեցինք – երբ պետք էր երկիր կառուցել ու զորանալ: Իսկ հիմա հին հարևաններով, իրար կապված հազարամյակների քաղցրությամբ ու վշտերով, ուզում ենք նոր տարածաշրջան ստեղծել: Խաղաղ ու զարգացող ընկերակցություն – մեր բնիկ հայրենիքներով: Դաշն նաև մնացյալ աշխարհի հետ: Բայց եկվորները չեն ուզում գնալ: Իրար լավ են հասկանում: Արյուն են ուզում, շփում են ձեռքները: Նրանց ձեռքերի շփումից զոհվում են մեր մանուկները:
Մոտենում է մեծ փակագծերը բացելու ժամը: Դրանից հետո հեշտ է լինելու: Որքան էլ ծանր լինի – հեշտ է լինելու: Եվ հաղթանակ:
Հ.Գ. Կարո՞ղ եմ խնդրել ընկերներիս – կարդալ՝ առանց մեկնաբանելու:
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
2 ապրիլի 2016թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել