Արտակարգ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան ճակատում: Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սանձազերծել շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, ձեռնարկել բացահայտ հարձակողական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, հրետանային հարվածներ հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Կարծիք կա, թե Ադրբեջանն անհարկի սրում է իրավիճակը, միտումնավոր զոհեր տալիս, կրում մեծ կորուստներ, որպեսզի արդարացնի իր ապակառուցողական կեցվածքը բանակցություններում: Սակայն իրականում կլինի հակառակը: Միջնորդ երկրների ներկայացուցիչների դատապարտող հայտարարությունները, ինչպես նաև՝ նրանց մարդկային և տեխնիկական կորուստները կստիպեն Ալիևին ուշադրությամբ լսել միջնորդների ողջամիտ առաջարկները, սահմանի երկայնքով դիտարկման սարքեր տեղադրելու և կարգավորման փոխզիջումային տարբերակներ քննարկելու վերաբերյալ: Ադրբեջանի կորուստները կարող են նաև հակակառավարական տրամադրություններ բարձրացնել և ճնշման բնական գործիք դառնալ: Ի վերջո՝ ռուս-թուրքական հարաբերություններում վերջին օրերին նկատելի ջերմացումը և Միացյալ Նահանգների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու հաստատակամությունը ընդհանրապես զրկում են Ալիևին` բանակցություններից խույս տալու որևէ մանևրից: Այսինքն Ադրբեջանի այս արյունալի արկածախնդրությունը նրան չի օգնի, այլ կշրջվի իր դեմ և Ալիևը գլխիկոր կմոտենա բանակցությունների սեղանին: Իսկ եթե շարունակի պատերազմական արկածախնդրությունները, ապա կկորցնի նոր տարածքներ և դրանից հետո կստորագրի կարգավորմանն ուղղված առաջարկները: Այնպես որ ցանկացած դեպքում հակամարտությունը մոտենում է հանգուցալուծմանը: Ափսոս, որ մարտատյաց հակառակորդը ստիպում է, որպեսզի այդ ընթացքում լինեն բախումներ և կորուստներ, ինչն ընդամենը ծանրացնում և ամոթալի է դարձնում նրա վիճակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել