Ողջույն, դատարկություն, համբուրում եմ թափանցիկ հետքդ, ես գերին եմ նրա...
Ցավագին միայնությունը ստիպում է ինձ ճախրել սովորել ինքնուրույն և չսպասել, որ մի օր քեզ կգրկեն երկար-երկար սպասումից հետո, բացակայիցդ հետո, կզգան կարիքդ, կարտասվեն թախիծդ, չսպասել, ամենևին չսպասել...

Գիտեք, մարդիկ, կյանքն ավարտվել է, ավարտվել է այն օրից, երբ այլևս չեմ վրձնում դրա վեհությունը, այլ շնորհում եմ գոյս ժամանակի հոսքերին ու չեմ աղերսում դառնալ կողակիցս, թեև ժամանակը անդադար հիշեցնում է իր գոյության մասին՝ ամեն անգամ նոր ճիչով ոռնալով տարիներիս աննպատակ լինելը...
Եվ ես երգում եմ, ուզում եմ բաշխել ինձ ճերմակին ու ազատվել միապաղաղիս գորշից, այսպես այլևս հնարավոր չէ շնչել, ու ես չեմ էլ հանդգնում երազել դրա մասին...
Մառախուղները շատ են հնչեցրել քաոսի գրավչությունը, ստիպել են սովորել դրա բացակայությանը կամ աննշմար գոյությանը, որ միայն խզբզում է ժամանակը, ճանկռոտում սպիտակը, մառախուղները խելագարվել են...
Հառաչանքս խորշում է ինքն իր անորոշությունից, դողերս իրենք են մրսում դատարկության խոնավությունից, արցունքոտ միալարից, փրկությունս վեհությունն է, որ կախված է անցյալիս...
Ինձ կոչում են Սառա, ինչպես հրեաներն էին ասում` իշխանասեր: Ասում են` մորս եմ նման, չնայած, որ ինքս դրանում համոզվելու առիթ չունեցա: Հենց նրանից եմ ժառանգել պարզությունս, քիչ բռնկունությունս և հակառակվելուս սովորությունը...Փոխարենը ծանոթ էի հորս, որը անձիս մեջ պակաս չի արտացոլվում, հատկապես, երբ վճռականություն եմ դրսևորում...Ինձ շատերն են խենթ համարում, նույնիսկ ես ինքս, սակայն խենթությունս ի ցույց չեմ դրել հասարակությանը:
Այսպիսինն եմ... Թեև ժամանակ առ ժամանակ թեյը ստիպում է մտքերս քրքրել ու փորձել համարվել իրականությանը, բայց չափազանց եմ հեռու դրանից, որպեսզի մտերմանամ նրա հետ: Ներիր ինձ, իմ մեղսավոր հոգի, որ չեմ նվիրել հանգիստդ քեզ, ես դեռ այն կերտելուն պիտի սովորեմ...
Ինձ պես մեկի համար առավոտները տարօրինակ արքայական են թվում, քանի ամեն առավոտ հրճվում ես, որ արթնացար, որ ևս մեկ օր պիտի գլորես ժամանակի անզորությանը....Երբ օրը ոտքերիդ տակ ես առնում, քեզ համար միևնույնն է դրա ավարտը, քեզ պետք է միայն զգալ այն, զգալ ամբողջ լարումով և թվում է վերջին անգամ ես մեղսավոր օդը համբուրում, իսկ առավոտյան նորից նույնը, քանի դեռ նպատակներդ կաղապարվել են մենությանդ ահից:
Թերևս միակ երջանկությունը առավոտյան մի բաժակ տաք շոկոլադն է, որին օրգանիզմս սովորել է ավելի, քան ծխախոտը կարող էր ենթարկել իրեն: Անէանում եմ դրա բույրից, շունչս չի հերիքում, որ կարողանամ վայելել, նրանում ես ինձ եմ գտնում...
Իսկ երբեմն նույնիսկ երջանկություն է օրերով արտասվելը, ոչնչի համար, հենց քո «ոչինչ» կերպարի համար, նրա համար, որ չկա աշխարհը, որ մարդիկ հորինում են օրեցօր և մխրճվում դրա անիրականությանը:
Ինձ հարևաններս թափառաշրջիկ են համարում, թեև գուցե այդպիսինն էլ կամ, գուցե ավելի խորն եմ ընկած, քան մի անմեղ մուրացկան...
Ինձ համար փրկությունը իմ չորս պատն է, որն առանց առարկելու ինձ իր գիրկն է առնում, կիսում փշրված էությանս արյունոտված հառաչանքները...Օ, Աստված իմ, շնորհակալ եմ, որ ես ունեմ իմ անկյունը` թաքնվելու աշխարհի գորշից, որ այդպես էլ մասնիկս չդարձավ...
Թվում է կյանքս հոսում է առանց թարթելու երազանքներս, գուցե, հենց էդպես էլ կա, բայց շոկոլադն առավոտյան, իմ չորս պատն ու մարդկանց աղմուկը, ինձ համոզում են, որ երազներս իրական են դարձել մենությանս պահից, իսկ ես դեռ չեմ հասցրել շնորհակալ լինել:
Հորս շատ եմ կարոտել, այնքան, ինչքան պիտի կարոտեի նրան ու մորս միասին, բայց բախտ չի վիճակվել կարոտներս նրանց միջև կիսելու, ես հորս հանձնեցի հույզերս, իմաստներս, վեհությունս ու աղքատ եմ հիմա, ունեցածս տողերս են, թեև դրանք էլ հեռու ապարդյուն...
Հայրս մարդասպան էր, հանցագործ հասարակության համար, մորս մահվան մեջ անգամ նրան մեղադրեցին և ազատազկությունը նրան կյանքից էլ զրկեց, քանի որ հայրս թռչուն էր իր էությամբ, իսկ առանց ազատության, նման մեկը գոյ չուներ միայն հուշերում... Իմ աչքերում հայրս հեղինակություն էր, նա հանցագործ չէր, այլ իրեն էր փնտրում, փնտրում էր ինքն իրեն ցավեցնելով, ինքն իր դատավճիռը կնքելու գնով, ու չէր վախենում, հայրս վեհագույնս էր, նրանն էր աշխարհը, նրանն էր իշխանությունը, անզոր էին նրա դեմ քամին, քաոսը, նա չէր ընկրկում անորոշությունից, քանի որ երբեք էլ դրանում չէր հասցնում հայտնվել, հայրս սովոր էր գործել, առանց դադարի, առանց վախի, առանց մի պահ անգամ վարանելու, միակը, որ խանգարում էր գտնել ինքն իրեն, դա մեխքի զգացումն էր, որ նրան մոտեցնում էր երկրի անիմաստ, դատարկ իրականությանը, հայրս տեմպը թողնում էր, չէր վախենում, բայց հաճախ էր տրվում մարդկային հիմար արժեքներին ու ափսոսում ինքն իր կառուցածը, որն ապագայում իմ փրկությունը դարձավ: Մարդիկ ինձ համարում են կործանված, փշրված մեկը, ու հենց դա եմ ես, բայց վայելում եմ կյանքիս վայրկյանները, թեև դրան բարձր գին եմ վճարում, ես սիրում եմ տառապանքս, ես նրանում գտնում եմ հանգստություն, կիսում եմ աննորմալ բնույթս, որն ըստ ինձ ավելի մոտ է մարդու էությանը:
Մարդկանց համար ես երբեք էլ չեմ լինի սովորական մի աղջիկ, որն ապրում է հանուն մեծ նպատակի, մարդիկ ովորեն ինձ կոչել թույլ, անողնաշար, իսկ գիտակցելը, որ հենց իրենց չիրականացված երազանքներն են անողնաշար, նրանց դեպքում անհնարինին է ձգտում:
Մարդիկ զոհում են իրենք իրենց, տրվելով չգրված օրենքներին, հասարակության նորմերին, որոնք հենց իրենք են դարձրել արժեքավոր, մարդիկ սովորել են ամեն օր մարդասպան լինել` սպանելով իրար, սահմանափակելով իրար, ոտնահարելով սեփական ցանկություններն, իղձերն ու անուրջները...Մարդիկ մոռացել են ապրելը, զգալը, շնչելը, մարդիկ հիմա դա անում են ցուցադրական, գնահատվելու համար, մարդիկ չեն ապրում ավելին քան ես, թեև ոռնում են իմ փչացած իղձերից, հայհոյում նվիրյալ զգացումներս, որոնց տվել եմ էությունս, մարդիկ մարդասպան լինելուն հաշտվել են, կարծես գազաններ լինեն, որ պայքարում են լինել թագաժառանգ վայրենի, մարդիկ տրորել են իրենց մարդ կոչվելու իրավունքները, կերտելով կեղծ արժեքները` մարդիկ նսեմացրել են վեհագույնս, իմաստներս, գոյս, նպատակս, որ պիտի բոլորին լիներ պաշտամունք:
Թեև, գուցե նրանք են, որ գրկել են հիմարության առավել հասանելին, իսկ ես` դրա բարդագույնը: Ինչ պինի խոսեմ, այնքան բառերը քիչ են, մտքերս ինձ թվում են կատարելության հայելին, երբ միայնություն շոշափում է չորս անկյուններս, որ միակն են ինչ ունեմ... Կարծում եմ գլորվում եմ թագաժառանգ վայրենիների իրականությանը, ու մի օր պիտի կոչվեմ նրանց արժանի հետնորդ...

Առնելա Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել