Աննորմալություն համար մեկ. Հայաստանում կուսակցությունները չունեն գաղափարակից հետևորդներ: Որովհետև ընդունելի գաղափարներ չունեն: Ունեն գաղափարներ, որոնք լավն են, բայց գաղափարի լավ լինելը դեռ հիմք չէ այն ընդունելու համար, քանի որ ամեն լավ գաղափար չէ, որ կիրառելի է: Իսկ եթե ունեն կիրառելի գաղափարներ, ապա դրանք չեն լուծում մեր հանրային խնդիրները և, ուրեմն, անընդունելի են:

Աննորմալություն համար երկու.Մեր կուսակցությունները չունեն գաղափարակից հետևորդներ, բայց զարմանալիորեն ունեն ընտրողներ: Դա շատ, շատ աննորմալ է:

Աննորմալություն համար երեք. Զարմանալու բան է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվում է այն կամ այն կուսակցության ներկայացուցիչը, սակայն հենց ՏԻՄ ընտրություններում կուսակցության գաղափարախոսությունն առհասարակ որևէ դեր ու նշանակություն չունի, քանի որ ՏԻՄ ընտրությունների ողջ գաղափարախոսությունն ուղղված է ոչ թե համապետական, այդ թվում և՝ արտաքին քաղաքական, այլ՝ տեղական-սոցիալական խնդիրների լուծմանը:

Աննորմալություն համար չորս. Կուսակցության ղեկավարները մինչև հիմա մտածում են, թե հաջողության գրավականը շատ գաղափարակից անդամ ունանելն է: Դա այդպես է, բայց ոչ մեր պարագայում, քանի որ մեր ընտրողն առաջնորդվում է այլ՝ բոլորիս հայտնի, չափանիշներով: Հետևաբար, պետք չէ շատ հետևորդ ունենալ, պետք է շատ ընտրող ունենալ:
Դե, իսկ այս հարցը Հայաստանում հեշտ է լուծվում փողով, ծանոթով, աշխատանքի տեղավորելու կամ աշխատանքից չազատելու խոստումով և այլ ձևերով:

Աննորմալություն համար հինգ. Կուսակցություններից և ոչ մեկը ադեկվատ պատկերացում չունի Հայաստանի ներքին իրականության և արտաքին հարաբերությունների մասին: Ավելի ճիշտ՝ հնարավոր է, որ ունեն, բայց համենայն դեպս ադեկվատ չեն խոսում: Իսկ մենք ստիպված ենք առաջնորդվել կուսակցությունների ներկայացուցիչների հրապարակային ելույթներով, որոնք չեն դիմանում տրամաբանության և առողջ ողջախոհության քննությանը:

Աննորմալություն համար վեց. Որքանով մեծանում է կուսակցությունների թիվը, այնքան մեծանում է իրականությանը քաղաքական համակարգի ոչ ադեկվատության չափը: Այսինքն, յուրաքանչյուր նոր կուսակցությունը ոչ թե կարգավորում է դաշտը, այլ ընդհակառակը՝ այն ավելի քաոսային դարձնում: Բայց քաոսը մանևելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան կարգավորված համակարգը: Դրա հետևանքով Հայաստանում ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ կուսակցության գործ անողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել