Թթվակայուն Աղյուսի գրածը Հայկի, Բելի, դյուցազունների, նետի ու տեխնոլոգիաների մասին...

Հիշեցի՝ ինչպես էի ընկերներիցս մեկի հետ վիճում Փոքր Մհերի մասին:
ՓՈՔՐ ՄՀԵՐ. Ինչպես ենք տեսնում մենք մեզ

Ասում էր` հայերն այդպես են, էլի. ազգը թողած՝ նեղացավ, գնաց, փակվեց... Ու պայմաններ դրեց: Էդ ենք:
Ասում եմ` չէէէ, այդպես չէր, ԿԱՐԴԱԱԱԱ. Մհերն անմահ էր ու պայքարում էր արդեն բոլորի փոխարեն: Երբ բոլորի փոխարեն, ես չգիտեմ արդեն` արդյոք բոլորի՞ համար:
Հոգնել էր հողը. երևի, որ միայն մեկն էր կռիվ տալիս անարդարության դեմ: 
Ընդ որում` ոչ միայն անարդարության, այլև` ինքն իր դեմ (այդպես եմ հասկանում հրեշտակի հետ մենամարտը), ինքն իր մեջ: 
Իսկ գնաց քարանձավ, որովհետև մեկի պայքարը ավելի է շատացնում ծուլությունը մյուսների մեջ. դա մեղք է: Ու թաղվում էին նրա ոտքերը ծերացած հողի մեջ:
Ճիշտ արեց: 
Շատ: 
Չի կարելի, որ ազնվությունը, արդարության պահանջը, ինքնավերլուծությունը ... թաղվեն հողում: 

ՀԱՅԿ ՈՒ ԲԵԼ. Ինչպես ենք պատմում  
Մոտավորապես այնպես, ինչպես ապարանցու ու իր մայրիկի մասին անեկդոտը: Հեքիաթներն ու անեկդոտները լավագույնս են խոսում ազգիս վախերի, կոմպլեքսների ու... արժեքների մասին: Սրան կանդրադառնամ... հետո:

Հիմա, մի քանի հատված ԱՅՍՏԵՂԻՑ. 

...Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի։

— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,— ասում է,— սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու։

Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։

Ապա Տիտանյան Բելը զորք է հավաքում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս, հասնում է հյուսիս՝ Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ։ Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով։

— Գիտցած եղիր,— ասում է,— ով մեծդ դյուցազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա անմահ քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաների հետ։ Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես։

Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.

— Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։

Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա ու ամբոխի միջև։ Նա կրում էր նշաններ ունեցող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված Էր երկսայրի սուրը։ Իր աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ։ Հայկը, տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ է շարժվում։

Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:

[էջ 45]

 

Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում, ընկնում էին գետին, իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և ետ–ետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։ ....

 

Ի՞նչ եմ ուզում ասել: (Հը-հըըըը. հաաայ գիտի, Խլուրդ, բա ոոոնց, հիմա վուալա կասես, թե ինչ ես ուզում ասել՞՞՞ :ՃՃՃ էէէ...)
Հերոսների մասին. Երեկ էլ Գագո-Բեռլինի մոտ էի մտածում...

Ինչո՞ւ ենք... ըըը.. մարում մեր հերոսներին: Բացի այն, որ, ասենք, չենք կարդում, անեկդոտն ենք լսում ուղղակի: 
Հայկը` որդիներով...
Վարդան Մամիկոնյանը` որդիներով...
Պատերազմը որդիներով միշտ մենամարտ է հոգու ու արյան:
Հիմա թե հետոյի: Հիմա` ինչպես ու հետո` ինչու-ի:
Ինչո՞ւ ենք փոխում հաղթանակը մի նետի անեկդոտի:
Որ հե՞շտ լինի ապրելը: Ինչու կամ պիտի ուրիշն անի ԷԴ հերոսությունը ու ավելին`պարտավոր է անել, կամ պիտի անեկդո՞տ դարձնենք:  Արժեզրկենք... Փոխենք... Որ հե՞շտ լինի չհերոսանալը:

Հիմա մի բան էլ մտածեցի. եթե հա, եթե անում ենք, որ հեշտ լինի չհերոսանալը, ուրեմն դրա ժամացույցը դրված է մեջներս: Հերոսանալու պարտքը դրված է մեջներս ուրեմն: 
Հայկից սկսած գուցե: Հաշտվեք դրա հետ... Գնացեք ու... հերոսացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել