Վերջերս հաճախ եմ տաքսիով երթևեկում: Հազար տիպի, տեսակի, տարիքի, կրթվածության ու ճաշակի վարորդ է հանդիպում: Երբեմն հետները զրուցում եմ, երբեմն ամբողջ ճանապարհը լռում ենք: Անկախ վարորդների տարբերություններից, նրանց մեկ կարևոր բան է ընդհանրացնում. ինձ հանդիպածների մեծամասնությունը մեքենայում ռադիո են լսում, մասնավորապես երկու ռադիոկայան՝ «Ռադիո Ջան» և «Ազատություն»: Ուրիշներին թողնելով «Ռադիո Ջան»-ի վերաբերյալ կարծիքներ հայտնելու իրավունքը՝ ես անդրադառնամ «Ազատության»-ը:

Ռադիոկայանի կայքում նշված է, որ այն «աշխարհի բոլոր երկրներում, ուր մամուլի ազատությունը սահմանափակվում է կամ ենթարկվում է ճնշումների, որպես իր հիմնական առաքելություն, սահմանում է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության արժեքների տարածումը»:
Լինելով միջազգային լրատվական գործակալություն, որը լուրեր է տարածում մի քանի տասնյակ լեզուներով, այդ ռ/կը բավական ազդեցիկ դերակատարում ունի դեմոկրատացման ճանապարհ ընտրած նախկին սոց.լագերի ու հետխորհրդային երկրներում: Ավելին՝ այն հաճախ հանրային տրամադրությունների ու կարծիքի ձևավորման ազդեցիկ/կարևոր օղակ է: Հիմնականում աչքի ընկնելով օպերատիվ, թիրախային ռեպորտաժներով ու վերլուծություններով՝ արդեն տարիներ շարունակ ՀՀ-ում նա հանդիսանում է տեղեկատվություն սպառող քաղաքացիների ամենից հասանելի աղբյուրներից մեկը: Օրինակ՝ գրեթե ամեն շենքի բակում հավաքված տարեց մարդիկ, որ աշխարհում խոսում են հատկապես քաղաքականությունից, «Ազատության» թողարկումները բաց չեն թողնում: Ավելին, դրանց շուրջ սկսում են տարաբնույթ կարծիքներ, քննարկումներ վարել: Գործնականում նրանք իրենց հրամցված տեղեկատվության տարածող են հանդիսանում, դրանով իսկ առավել մեծացնելով լուրի ազդեցիկության մակարդակը:

Նման տարածողի (ретранслятор)-ի գործառույթ են ստանձնում նաև տաքսիստները, ովքեր ունենալով հազար խնդիր, «ի բնե ընդդիմադիր» են առհասարկ բոլոր իշխանությունների հանդեպ (բացի խորհրդայինից) «Ազատության» թողարկումների ժամանակ կլանված լսում են ինֆորմացիան, ավելին՝ գլխի խորիմաստ շարժումներով հաստատում տեղեկատվության իսկությունը, հնչեցված գնահատականների օբյեկտիվությունը և սկսում ուղևորի հետ խորը քաղաքագիտավելուծական զրույց վարել՝ բացահայտելով, թե որն է մեր երկրի խնդիրների աղբյուրը:

Ունենալով նման լսարան, իսկ Ազատության լսարանը միայն տաքսու վարորդները, կամ բակում նարդի խաղացող տարեց մարդիկ չեն, այլև հասարակական այլ շերտեր, ովքեր առավել քննադատական ու ընդդիամադիր կեցվածքի կրող են՝ «Ազատություն» ռ/կ-ը հասարակական մի զգալի շերտի մոտ կարծիք, վերաբերմունք, քաղաքական ու այլ բնույթի կարծրատիպեր է ստեղծում: Իսկ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում նման կարծիքները սովորաբար դիմադիր չեն լինում:

Շատ երկրներում լինելով «դեմոկրատացման գործընթացների տեղեկատվական սպասարկողը», որոնց հետևանքները երբեմն այդ իսկ երկրների համար եղել են բավական ռիսկային, ճակատագրական՝ ռ/կ-նների նման ցանցը բավական լուրջ ազդեցության գործիք է նաև իրենց գործունեության երկրների նկատմամբ արտաքին կարծիքի ու վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից: Այ հենց այս առումով, երբ Ադրբեջանն իր մոտ արգելում/սահմանափակում է նման ԶԼՄ-ների գործունեությունը, նրա նկատմամբ վերաբերմունքը տարաբնույթ դասակարգումներում միանգամից մի քանի կետով իջնում է՝ երբեմն հասնելով նվազագույնի:

Ես ինքս պարբերաբար հետևում եմ Ազատության լրահոսին, մոտեցումներին: Իհարկե, ունեմ հստակ ու հիմնավոր կարծիք: Ու գտնում եմ, որ իրականում մասնագիտական որակներով աչքի ընկնող նման լրատվամիջոցների անհրաժեշտությունը մենք ունենք, սակայն, եթե նման կառույցները իրապես խնդիր ունեն, որ մեր հասարակությունը/պետությունն առավել ժողովրդավարացվի, որ մարդու իրավունքներն առավել հետևողականորեն հարգվեն, ապա նրանք լրատվական շեշտադրումներում պետք է լինեն առավել հավասարակշռված ու համակողմանի: Հավանաբար դա ավելի օգտակար կլինի դեմոկրատացման ընդհանուր օրակարգի առավել արդյունավետ ապահովման տեսանկյունից:

Հ.Գ. Հասարակական տարբեր շրջանակներում ամենատարբեր վերաբերմունք կա «Ազատություն» ռ/կ-ի նկատմամբ: Երբեմն՝ օբյեկտիվ, երբեմն՝ սուբյեկտիվ: Իմ գրառումը ամենևին խնդիր չունի այս հարցի շուրջ քննարկում ապահովել, ավելին՝ դրական/բացասակայն տիրույթում գնահատականներ տալ, քանի որ գնահատականները շատ նեղ ու սուբյեկտիվ գործ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել