Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի:
Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում եւ մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում:
Օդում կախված լուրերի համաձայն ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու…»:

Շատ խոսվեց այն մասին, որ Փաշինյանը «դաբրո» է ստացել իշխանություններից և Հրազդանում Սասուն Միքայելյանի հարցը վճռվել է վաղուց վերին օղակներում: Մի կողմ թողնենք նաև ՀԱԿ տարբեր ներկայացուցիչների ուղիղ կամ հեգնանքով հնչող ակնարկները, թե Փաշինյանը վաղուց «գեղամյանություն» է անում ՀՀԿ-ի համար, փորձենք իրավիճակը վերլուծել փաստերով:
Յուրաքանչյուր սթափ դատող մարդու մոտ կարող է հարց առաջանալ` Փաշինյանը որտեղից է այսքան վստահ ընտրությունների հնարավոր արդյունքների հարցում և, ինչը ամենակարևորն է, ինչ գիտի, թե ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանին ինչ ճակատագիր է սպասվում:

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը չի էլ հերքում, որ պայմանավորվածություններ ունի իշխանական վերին օղակների հետ: Փաստացի իր ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանը գրեթե հաստատում է, որ ՀՀԿ-ն իր թիմին խոստացել է հանձնել Հրազդանի քաղաքապետի պաշտոնը` փոխարենը պահանջելով պրոֆեսիոնալ «գեղամյանական» գործելաոճ:

Մեր քաղաքական դաշտը երբեք «դհոլների» պակաս չի ունեցել: Ժողովուրդն էլ իր հերթին ամեն անգամ հեշտությամբ կուլ է տվել իշխանական խայծը: Մինչև երբ կաշխատի «դհոլների էվոլուցիոն շղթան» և ընթացքում որքան մարդ կհիասթափվի դժվար է կանխատեսել, քանզի մենք` հասարակ մահկանացուներս, իշխանության վերին օղակներից տեղեկություններ չենք ստանում ապագայի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել