12.54  Եգիպտական А320 ուղևորատար ինքնաթիռն առևանգողը ևս 5 պատանդների է ազատ արձակել։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, նրանք լքում են ինքնաթիռը։


12.42  Եգիպտական ինքնաթիռն առևանգած Իբրահիմ Սամահան ԱՄՆ-ի Ատլանտա համալսարանի պրոֆեսոր է. այդ մասին հայտնել է «Ալ-Ահրամ» թերթը՝ Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրներին հղումով։

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա А320 ինքնաթիռի գրանցված ուղևոր է եղել, նստած է եղել 38К տեղում։

 

Նա մոտ 50 տարեկան է։ Հաղորդվում է, որ Սամահան թարգմանիչ ու քաղաքական ապաստան է պահանջել Կիպրոսում։

 

Թռիչքից անմիջապես հետո նա անձնակազմին հայտնել է առևանգման մասին ու պահանջել է մեկնել Թուրքիա։ Սակայն վառելիքի քիչ լինելու պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։
 

 


12.34 Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հաստատել է, որ Egypt Air ավիաընկերության ինքնաթիռն առևանգողն անձնական շարժառիթներ է ունեցել, գրում է The Guardian-ը։

 

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրա նախկին կինը Կիպրոսում է։ Ականատեսները հայտնել են, որ տղամարդն արաբերենով գրված նամակ է նետել օդանավից Լառնակայում՝ խնդրելով, որ այն հանձնեն իր նախկին կնոջը:



The Guardian-ը հայտնում է, որ այժմ հաղորդվում է, որ օդանավն առևանգողը լիբանանցի է։ Կիպրոսի ոստիկանության աղբյուրների հաղորդմամբ՝ նա քաղաքական ապաստան է պահանջում։
 

Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով Կիպրոսի ոստիկանական աղբյուրներին, հայտնում են, որ առևանգողի նախկին կնոջն ուղեկցում են օդանավակայան՝ հանդիպելու իր նախկին ամուսնու հետ։


12.20 Egypt Air ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը պահանջել է իրեն թարգմանիչ ու քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Sky News-ը։


Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում կարող է 15-20 մարդ մնացած լինել։
 

Առևանգողը նաև պահանջել է թռչել Ստամբուլ։


Լրատվական կայքերում հայտնվել է ենթադրյալ հանցագործի լուսանկարը։ Ըստ տեղեկությունների՝ նրան լուսանկարել են ինքնաթիռի ուղևորները՝ ազատ արձակվելուց առաջ։

 


12.08  EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռն առևանգել է Իբրահիմ Սամահան։ Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերություններից մեկը, հայտնում է Reuters գործակալությունը։ Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել: Գործակալության լրագրողը հայտնել է, որ Սամահայի ազգությունը հայտնի չէ, բայց նրա անունը Եգիպտոսում տարածված անուն է։


The Telegraph-ը՝ վկայակոչելով Կիպրոսի լրատվամիջոցներին, հայտնում է, որ առևանգողը պահանջել է իր գրած նամակը հանձնել Կիպրոսում ապրող մի կնոջ։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ նա հավանաբար Լիբիայի քաղաքացիություն ունի։


11.55 Համացանցում է հայտնվել EgyptAir-ի առևանգված ինքնաթիռի տեսանյութը. 

 

11.28  EgyptAir ավիաընկերությունը Twitter-ում հայտնել է, որ ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններից հետո,ազատ են արձակվել գրեթե բոլոր մարդիկ՝ բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիպրոսի լրատվամիջոցների տեղեկություններով՝ 20 ուղևոր է ազատ արձակվել Լառնակայի օդանավակայանում գտնվող MS181 ինքնաթիռից:
 

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել է, որ առևանգողը թույլ է տվել օդանավից դուրս գալ կանանց և երեխաներին, Agence France-Presse-ը հաղորդում է, որ օդանավից դուրս են եկել Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանայք և երեխաները:


Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսից աղբյուրներին, հայտնում է, որ օդանավում կա Մեծ Բրիտանիայի 8 և ԱՄՆ-ի 10 քաղաքացի։


11.10 Եգիպտոսի քաղաքացիական ավիացիան հայտարարել է, որ մահապարտի գոտիով ուղևորը սպառնացել է Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին պայթեցնել գոտին, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը։


Հաղորդվում է, որ ոստիկանությանը խնդրել են հեռու գնալ օդանավից:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Կիպրոսի պաշտոնյաները հայտնել են, որ առևանգողը կամ առևանգողները (նրանց թիվը դեռ հաստատված չէ) այժմ թույլ են տալիս կանանց և երեխաներին դուրս գալ օդանավից:

Պաշտոնյաները հայտնել են The Guardian-ի թղթակցին, որ հավանաբար կսկսեն բանակցություններ վարել առևանգողների հետ:

Twitter-ում հայտնվել է նաև թռիչքուղու վրա առևանգված օդանավի լուսանկարը։


11.03 Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռի հրամանատարը հասցրել է Կահիրեի դիսպետչերներին հաղորդել առևանգման մասին ու հայտնել, որ ուղևորվում են Կիպրոս։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է «Ալ-Բալյադ» լրատվական կայքը։

 

Նշվում է, որ առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին։

 


10.56  Տեղեկություններ կան, որ եգիպտական ավիաընկերության առևանգված ինքնաթիռումռումբ կա։ Այդ մասին Associated Press-ին հայտնի է դարձել աղբյուրներից։


Հիշեցնենք, որ անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։
 

Կիպրոսի հեռարձակող կորպորացիան հայտնել է, որ ինքնաթիռում 55 ուղևոր կա և անձնակազմի 7 անդամ: Ավելի վաղ հաղորդվել է 81 մարդու մասին։


Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ MS181-ը Airbus է։

Առևանգողները դեռ չեն ներկայացրել պահանջներ։ Հաղորդվում է, որ օդանավակայան ճգնաժամային թիմ է ուղարկվել։

 


10.39 EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի առևանգման մասին հայտարարել է ավիաընկերության խոսնակը, գրում է Bloomberg-ը։ Առևանգողները խնդրել են թույլ տալ վայրէջք կատարել Կիպրոսում։

 

Կիպրոսի պետական ռադիոն հաղորդել է, որ տեղեկություններ կան, որ ինքնաթիռում զինված անձ կա:


Protothema հունական պարբերականը հայտնել է, որ ինքնաթիռն առևանգողները պատրաստվում են ազատ թողնել ինքնաթիռում գտնվող Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանանց և երեխաներին:

 

Կիպրոսի պետական հեռարձակողը հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում թռիչքից մոտ մեկ ժամ անց։


Այն հավելել է, որ Լառնակայի օդանավակայանը միջադեպից հետո փակվել է, և ինքնաթիռներին հրահանգվել է թռիչքներն ուղարկել այլ օդանավակայաններ:

 


Անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Հաղորդվում է, որ A-320 եգիպտական չվերթի ինքնաթիռում կա 81 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել