Ankakh.com-ը գրում է.

Արտեմն ու Սոնան դասընկերներ էին, սակայն նրանց ոչ միայն դպրոցական ընկերությունն էր կապում, այլև պատանեկան առաջին սերը: 9-րդ դասարանում Սոնայի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան: Նրանք բաժանվում են՝ սիրո ծիլերը թաքցնելով հոգու խորքում, բայց մի օր կրկին ծլարձակելու թաքուն հույսով:

Անցնում են տարիներ: Նրանք մեծանում են, ամեն մեկն իր կյանքի ճանապարհն է ընտրում` առանց մեկը մյուսի մասին որևէ տեղեկություն իմանալու:

2008 թվականն էր: Սոնան Ռուսաստանում ընդունվել էր համալսարան, իսկ Արտեմը զորակոչվել էր բանակ` ծառայելու Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում: Մի քանի ամսից պետք է զորացրվեր: Արտեմի մայրը, որ միայնակ էր մեծացրել մինուճար որդուն, դողը սրտում սպասում էր նրա վերադարձին: Սակայն օգոստոսի 13-ին ծառայողական պարտականությունները կատարելիս Արտեմը ողնաշարային լուրջ կոտրվածք է ստանում՝ գլխիվայր ընկնելով Դեբեդ գետը:

Բարդ վիրահատությունը փրկում է նրա կյանքը, սակայն ողնուղեղի վնասվածքի հետևանքով խաթարվում է ոտքերի ու ձեռքերի աշխատանքը, նա այլևս չի կարողանում քայլել, անգամ ձեռքերը շարժել:

Արտեմը շատ հուսահատ վիճակում էր: Նա չէր կարողանում պատկերացնել, որ հետագա կյանքն անց է կացնելու անվասայլակին: Նա մեկուսանում էր, օրերով, շաբաթներով ոչ ոքի հետ չէր շփվում, կամաց-կամաց հոգեկան լուրջ խնդիրներ էին ի հայտ գալիս: Ու հանկարծ մի զանգ է ստանում Ռուսաստանից:

«Միշտ ուզում էի Արտեմի մասին ինֆորմացիա ունենալ, բայց ինձ ոչ ոք ոչ մի բան չէր ասում: Մի օր էլ իմացա նրա համարն ու որոշեցի զանգել` ուղղակի իմանալու, թե ոնց է: Դեպքի մասին հենց ինքն ասաց»,- պատմում է Սոնան:

Մի քանի ամիս անց՝ ամառային արձակուրդին, Սոնան քրոջ հետ գալիս է Հայաստան: Նրա մտքում մի բան էր` տեսնել Արտեմին, իսկ երբ նրան տեսնում է. «Ոնց որ էն ամենը, ինչն իմ մեջ ուղղակի քնել էր, նորից արթնացավ»: Սոնան պատրաստ էր հենց այդ պահից այլևս չբաժանվել Արտեմից: Սակայն ուսանող էր, վերադառնում է Ռուսաստան, ավարտում և մեկ տարի անց որոշում է վերադառնալ Հայաստան, քանի որ այստեղ թողել էր ամենակարևորը` իր միտքն ու հոգին: Իսկ ծնողները դեմ էին:

Սոնային այլ բան չէր մնում անելու, քան փախչել ու միանալ սիրած տղային: 2011 թ. հունվարի 6-ին նա գալիս է` առանց հարազատներին տեղյակ պահելու: «Եվ արդեն 5 տարի է` ամուսնացած ենք,- ասում է Սոնան,- ես ինձ շատ երջանիկ եմ զգում: Ճիշտ է, ծնողներս չեն հաշտվում իմ այս քայլի հետ, դե նրանց էլ կարելի է հասկանալ, բայց մյուս կողմից՝ ախր էս դեպքը բոլորիս հետ էլ կարող էր պատահել, ինքը ոչ մի բանով մեղավոր չի: Եթե սայլակի վրա է, չի նշանակում, որ ուրիշներից տարբերվում է:

Հիմա, եթե մի միլիոնանոց բանակ էլ կանգնի իմ առաջ, հաստատ Արտեմից ոչ մի բանով լավը չի լինի: Հակառակ դեպքում՝ ես ուղղակի իրեն չէի ընտրի, մեկ ուրիշին կընտրեի»: Սոնան, իր կյանքի փորձից ելնելով, բոլոր աղջիկներին խորհուրդ է տալիս երբեք սրտի ընտրած ճանապարհից հետ չկանգնել, որովհետև սրտի ընտրածով իրենց կյանքն ավելի լավ կլինի, քան եթե ուրիշներին լսեն կամ ինչ-ինչ հաշվարկներ անեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել