Պալմիրայի ազատագրումն այնքան է ոգևորել Ասսադին, որ նա արդեն երկրի դաշնայանացման գաղափարից հրաժարվելու միտումներ է ցուցաբերում։ Ասսադը մասնավորապես հայտարարել է, որ Սիրիան չափազանց փոքր պետություն է՝ դաշնային լինելու համար և դա այդքան էլ լավ գաղափար չէ։

Սա երկու բան կարող է նշանակել։ Կա՛մ Ասսադն այնքան է ոգեշնչվել վերջին ամիսների հաղթանակներից, որ գտնում է, որ կարող է պնդել իր պայմանները, կամ էլ սա տիպիկ արևելյան առևտուր է, երբ յուրաքանչյուր կողմ սկսում է հնարավոիրնս ավելի բարձր նախնական առաջարկով հանդես գալ, որպեսզի սակարկման արդյունքում կորցնի հնարավորինս քիչ։ Քննենք առանձին-առանձին։

Առաջին հայացքից, առաջին տարբերակն ամենատրամաբանականն է թվում ու շատերը հենց այս դիրքորոշման հետ էին կապում ռուսական ուժերի մասնակի դուրսբերումը։ Սակայն կա մի նրբություն, որը մեծ գաղտնիք չէ, բայց քչերն են ուշադրություն դարձրել․ Պալմիրայի ազատագրումը հնարավոր է դարձել այդ թվում նաև ռուսական օդուժի ինտենսիվ գործողությունների արդյունքում, որոնք չեն դադարել՝ զորքերի մասնակի դուրսբերումից հետո։ Օրերս անգամ ռուս հատուկջոկատային էր զոհվել Պալմիրայի մատույցներում, երբ օդուժի համար թիրախների հավաստանշում անելիս, շրջապատվել էր ԻՊ-ի զինյալների կողմից ու կրակն իր վրա էր կանչել։ Տրամաբանական չէ, որ ռուսները այդքան սկզբունքային դեմ լինեն Ասսադի դիրքորոշմանը ու շարունակեն բավականին ինտենսիվ գործողությունները, այն էլ այնպիսի վճռական ճակատամարտում, ինչպիսին Պլամիրայինն է։

Պալմիրայի ճակատամարտի իրական նշանակությունը հասկանալը, կօգնի հասկանալ նաև արևելայն առևտրի վարկածը։ Բանն այն է, որ շատերի համար Սիրիան ընկալվում է քարտեզի վրա նկարած նկարով մենակ ու շատերը չեն հասկանում, որ այս երկրի գերակշիռ մասը ամայի անապատներ են կազմում և այստեղ հսկայական ռազմավարական նշանակություն ունեն ճանապարհներն ու խոշոր ճանապարհային հանհգույցները։ Պալմիրան հենց այն հանգույցն է, որը երկրի հյուսիսային մասը կապում է հարավային հետ ու հիմա, երբ այն նվաճված է, իսլամիստները էլ չեն կարող Իրաքից ու Թուրքիայից ազատորեն զենք ստանալ իրենց տեղակայման վայրերում և առհասարակ, նրանք կորցնում են իրենց մոբիլությունը և չեն կարող առաջվա պես ըստ անհրաժեշտության, երկրորդական նշանակության ռազմաճակատներից ռեզերվներ տեղափոխել ամենաթեժ գործողությունների վայր, իսկ շրջանցիկ ուղիները բացարձակապես հերիք չեն՝ այս կորուստը լրացնելու համար։

Մյուս կողմից, Պալմիրայի ազատագրումը բավականին նվազեցնում է քրդերի դերակատարությունը, քանի որ այլևս միայն նրանք չեն հանդիսանում այն բուֆերը, որով Թուրքիայից եկող իսլամիստների ու զենքի ներհոսքը չի տարածվում երկրով մեկ։ Բացի դրանից, քրդերը չեն կարող սեպարատային խաղաղության գնալ, որովհետև նրանք Ասսադից ոչ պակաս սկզբունքային տարաձայնություններ ունեն իսլամիստների ու թուրքերի հետ, ուստի, դաշնայնացման-անկախացման առևտրում, Ասսադի դիրքերը էապես ամրացան ու կա հավանականություն, որ հիմա նա ասում է, որ դաշնայնացումը լավ չէ, որպեսզի ի վերջո փոխզիջումով հենց դաշնություն ստեղծվի առնվազն քրդերի մասով, իսկ եթե նա միանգամից համաձայնվի դաշնայանացմանը, ապա առևտրի կանոնները, քրդերը ավելին կուզեն, իսկ ինքնավարությունից ավելին արդեն կոչվում է անկախ պետականություն, ինչը Ասսադը հաստատ չի ուզենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել