Lragir.am-ը գրում է․
Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումներն արդեն ամփոփվել են, առաջիկայում օրենսգիքրը պետք է ներկայացվի Ազգային ժողով: Գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություններն այս փուլում, ընդհանուր առմամբ, գոհ են կառավարության հետ աշխատանքից, քննարկումները կառուցողական են համարում և ասում, որ հատկապես ՓՄՁ շահերը ներկայացնող առաջարկություններն ընդունելի են համարվում կառավարության պաշտոնյաների կողմից:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն ասում է, որ շատ մեծ տարբերություն կա հոկտեմբերին կառավարության կողմից ներկայացված և այսօր առկա Հարկային օրենսգքրի նախագծում: Նրա ղեկավարած ասացիացիան չի մասնակցել նախագծի քննարկումներին, սակայն հարցադրումներն ու առաջարկությունները վարչապետին ներկայացրել են գրավոր:

«Անկախ նրանից, մեզ հրավիրում են քննարկման, թե ոչ, մենք վարչապետին ուղարկեցինք մեր առաջարկությունները, որոշակի կետեր ընդունվեցին, որոշակի փոփոխությունների սպասում ենք, դեռ պատասխան չկա: Կան վիճահարույց կետեր, օրինակ, Շրջանառության հարկի մասին օրենքով փաստաթղթավորման տոկոս էր սահմանված, որ առևտրականներն իրենց շրջանառության 70 տոկոսը պետք է փաստաթղթավորեին, պարտադիր կետ էին ուզում սահմանել, բայց մեր ու մյուս կառույցների առաջարկություններից հետո այդ դրույթը հանվել է»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավագյանը: Նա բերեց նաև մեկ այլ օրինակ՝ նշելով, որ կառավարության համար ընդունելի էր նաև ազգային բիզնես ինկուբատոր ստեղծելու առաջարկը: Ըստ այդմ՝ տնտեսության կաղացող ճյուղերին, ինչպիսին օրինակ՝ թեթև արդյունաբերությունն է, ինկուբացիա անելով պետք է օգնել: Մի քանի հարկազատման մոդելներ էլ են ներառվել նախագծում, օրինակ, ընտանեկան բիզնեսն է ազատվում հարկերից:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով մասնակցել է քննարկումներին, Lragir.am-ին ասաց, որ նախագծի շուրջ ամփոփումներն արվել են, օրենսգիրքն առաջիկայում խորհրդարան կուղարկվի: Գագիկ Մակարյանը նույնպես քննարկումները դրական համարեց գործարարների առաջարկություններն ընդունելու տեսանկյունից, սակայն ասաց, որ այլ հարց է, թե արդեն օրենսգիրք դարձած այս փաստաթուղթն ինպես կկիրառվի:

Գագիկ Մակարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Հարկային օրենսգրքի քննարկման խորհուրդի աշխատանքից, որը պարբերաբար նիստեր է գումարել այս հարցով: 

Նրա խոսքով՝ նիստերին մասնակցել են գործարարների շահերը ներկայացնող 8-10 կազմակերպություններ, որոնց թվում՝  Ամերիկայի արդյունաբերական պալատի, Հարկ վճարողների ՀԿ-ի, Հաշվապահների ասոցիացիայի, Արդյունաբերողների միության, փոքր ու միջին բզինեսի շահերը ներկայացնող կառույցների մասնագետները: Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը նույնպես մասնակցել է այս քննարկումներին: «Վերջին 3-4 քննարկումներն ամփոփիչ քննարկումներ էին, որի ժամանակ ամփոփվեց, թե ինչ է առաջարկվել և ինչ է ընդունվել: Մեծամասամբ մեր առաջարկներն ընդունվում են, կամ պարզաբանվում են, թե ինչու չեն ընդունում: Այնտեղ, որտեղ մեզ թվում է, թե խնդիր կա, լայնորեն պարզաբանվում է, թե ինչու պետք է մնա կամ հարմար չէ փոխել: Բայց Հարկային օրենսգիրքը բիզնեսի զարգացման համար առաջընթաց կարող է ապահովել, եթե ընդունվելու դեպքում կատարվի»,- ասաց Մակարյանը: 

Նրա խոսքով՝ այս օրենսգրքի նախագծում որոշ դրույթներ հավասար պայմաններ են ստեղծում գործարարի համար, որոշ դեպքում վարչարարությունն է կատարելագործվել, որոշ դեպքերում ռիսկերի խնդիրն է վերանայվում:

Ակցիզային հարկի բարձրացման հետ կապված խնդիրն է վիճահարույց եղել գործարարների համար: «Մեզ բացատրվել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր՝ ԵՏՄ-ի գներին պետք է մոտեցենել այդ հարկը: Ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի ու հեղուկ գազի համար է բարձրանալու ակցիզային հարկը: Ասում են՝ որպեսզի հեղուկ գազի ակցիզային հարկի բարձրացումը չազդի երթուղային տաքսիների գների վրա, պետությունը պետք է սուբսիդավորում հատկացնի: 

Արտոնությունները պահպանվում են, դրան զուգահեռ սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումը, կախված ներդրումների չափից ու բիզնես ծրագրերից, ավելի մեծ հնարավորություններով կարող են հետաձգվել մինչև երեք տարի ժամանակով: Կան խնդիրներ, որոնք հղկվում են, երկրորդ փուլում դրանք ԱԺ-ում կքննարկվեն»,- նշեց նա:

Գագիկ Մակարյանը նաև ասաց, որ քննարկումների ժամանակ բարձրացրել է հետևյալ հարցը՝ Հայաստանում գեղեցիկ օրենքներ են գրվում, բայց մեծամասամբ չեն կատարվում: «Ես հարց տվեցի Արմեն Ալավերդյանին, թե հակակոռուպցիոն ինչ բանալի կա այս օրենսգրքում, ինչ մեխանիզմեր կան, որոնք կարող են կոռուպցիայի դեպքերը բացահայտեն: Ինքը մի քիչ նույնիսկ նեղացավ իմ հարցից: Խնդիրն այն է, որ մենք տեսչական ստուգումների համար էլ խոսեցինք, որ հարկային տեսուչները պատասխանատվություն կրեն սխալ գրված ակտերի համար կամ փորձենք այս ստուգման թերթերի սկզբունքը զարգացնենք: Հաճախ այսպես է լինում ստուգումը՝ գալիս են ստուգելու, օրինակ, հինգ, տարիների գործունեությունը, բայց դրա տակ այնքան բան կարելի է հասկանալ, որ ինքն ինչ ուզի, այն էլ կստուգի: Դրա համար ստուգման թերթիկ պետք է լինի, որտեղ կոնկրետ գրված է ստուգման ենթակա խնդիրը: Առաջարկեցինք զարգացնել այս սկզբունքը: 

Խոստումներ են տալիս, որ օրենքը կիրառելու են, տեսնենք: Լավ օրենսգիրք ստեղծելու կամքը կա, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա, նախագիծը գրել է Ֆինանսների նախարարությունը, բայց օրենսգրքով աշխատելու են Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները: Այսօր մեր հարկային տեսուչները տարբեր մակարդակի, գիտելիքի ու ախորժակի տեր անձինք են, միանգամից նրանց փոխելը դժվար է»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել