Երկու հազար տարի է անցել Այն Օրից, սակայն, ավաղ, ոչինչ չի փոխվել… Մարդը, կարծես, էլ ավելի է ՛՛առաջադիմել՛՛ իր գահավիժման մեջ, վերջնականապես վերածվելով զուտ նյութական աշխարհով սահմանափակված շահամոլ, ագահ ու ընչաքաղց արարածի, որի գլխավոր խնդիրը միայն անձնական առավելագույն հաճույքներ ստանալն է:

Այդպես ապրելու աղետաբերության, ընչաքաղցին ու փարիսեցուն մեր մեջ մեռցնելու և ՛՛վերստին ծնվելու՛՛ անհրաժեշտության մասին էր հորդորում Աստծո Որդին այն ժամանակ, և ամեն բան արեց, այդ գաղափարը մարդկանց մեջ սերմանելու, նրանց մարդ կենդանու վերածման ՛՛լայն ու լուսավոր՛՛ ճանապարհից, Մարդ դառնալու Ուղուն կանգնեցնելու համար: Սարի վրայի քարոզով, բորոտներին սրբելով, կույրերին տեսցնելով, անհավանական հրաշքներով, մեռած Ղազարոսին կենդանացնելով և Խաչելության ու Իր Հրաշափառ Հարության տեսարաններով անգամ այդպես էլ չկարողացավ մարդկանց դարձի բերել:
Սակայն խաչելությամբ և Հարությամբ Նա Իր անունը տվող յուրաքանչյուրի մեջ տարալուծեց ու ամեն մեկի համար հավիտենականացրեց ԴԱՐՁԻ գաղափարը:

Համաձայն այդ խորհրդի, ամեն անգամ վատ արարք գործելիս, նախանշված Ուղուց շեղվելիս, մեզանից յուրաքանչյուրը ինքնաբերաբար հայտնվում է Հիսուսին խաչողների բանակում և հակառակը, արարքի համար զղջալիս և ապաշխարելիս, կամ բարություն անելիս՝ Նրան խաչից իջեցնողների շարքերում է:

Յուրաքանչյուր մարդ, ինքն իրեն պիտի հաշիվ տա, թե ո՞վ է ինքը… Պատվիրանները կատարող է, թե ժխտող, Խաչող է, թե խաչից իջեցնող, մեռցնող է, թե շունչ պարգևող, վերստին ծնվելու, մարդ դառնալու Ուղու վրա է, թե՞…
Ով ենք մենք: Ամեն մեկս մեր համար գտնենք այս հարցի պատասխանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել