Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բելառուսների հետ գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց գլխավոր մարզչի պաշտոնին Վարուժան Սուքիասյանի վերանշանակվելուց հետո առաջին եւ իր բազմամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղում:
  
Եվ այսպես. Հայաստանի հավաքականում պաշտոնապես ավարտվեց Բերեզովսկու ժամանակաշրջանը: Հանրահայտ մարզիկն ուղիղ երկու տասնամյակ պաշտպանեց մեր երկրի գլխավոր թիմի դարպասը՝ այդ ընթացքում մասնակցելով 94 հանդիպման, որոնցում բաց է թողել 153 գոլ: Սա Ռոմանի խորհրդանշական մուտքն էր խաղադաշտ, քանի որ վերջին «լուրջ» խաղը նա անցկացրել էր անցյալ տարվա հունիսի 13-ին, երբ «Եվրո-2016»-ի ընտրական խաղում մերոնք Երեւանում 2:3 հաշվով պարտվեցին պորտուգալացիներին: Իսկ երեկ թիմակիցներին ավագի թեւկապով պայքարի առաջնորդած Բերեզովսկին իր սովորական դիրքը զբաղեցրեց մոտ 8 րոպե, որից հետո ֆուտբոլիստների եւ մարզասերների համերաշխ ծափողջյունների ներքո ավագի խորհրդանիշը փոխանցեց Հենրիկ Մխիթարյանին, իսկ էստաֆետը՝ Արսեն Բեգլարյանին: Ընդմիջմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան հանձնեց «Տոյոտա Պրադոյի» բանալիներ, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգեւատրեց իր ներկայացրած գերատեսչության ոսկե մեդալով: Դրան հաջորդեց հրաժեշտի պատվո շրջանը:
Թերեւս հենց այդ պահից էլ սկսվեց իսկական մրցակցությունը, քանզի մինչ այդ մրցակիցը խուսափում էր օրվա հերոսին դառնացնելուց: Միանգամից նշենք, որ մեր հավաքականն ընդհանուր առմամբ վատ տպավորություն չթողեց: Փորձենք հիմնավորել այդ տպավորությունը: Նախ՝ մի քանի դիտարկում Բեգլարյանի խաղի մասին: Նրա միակ թույլ կողմը, կարծես, դարպասից օդային պայքարի դուրս գալն է: Մի տեսակ վարանում է: Նույնը չես ասի խաղային մյուս դրվագներում նրա ելույթի մասին: Եթե նաեւ ավելի շատ որսա, քան հետ մղի գնդակը՝ կկարողանանք արձանագրել, որ հուսալի դարպասապահ ունենք:
Ինչ վերաբերում է ընդհանուր խաղին, ապա դրանում նույնիսկ մարզչական ձեռագիր նկատվեց: Դաշտի տերերը կարողացան մեծ ուժերի կենտրոնացման շնորհիվ պաշտպանական երկշերտ պատնեշ ստեղծել, որի առաջին «խրամատը» տուգանային հրապարակի մատույցում էր: Ընդ որում՝ պաշտպանությունում ֆուտբոլիստների կոմպակտ դիրքավորումը նրանց թույլ էր տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն միանալ հարձակողական գործողություններին: Նույն Հրայր Մկոյանը հաճախ էր հայտնվում աջ եզրային կիսապաշտպանի, նույնիսկ՝ հարձակվողի դիրքում: Մյուս եզրից համանման գործառույթներ էր կատարում Լեւոն Հայրապետյանը, որը հիշեցրեց իր երբեմնի սրընթաց ճեղքումների մասին: Մրցակցի տուգանային հրապարակում նկատվեցին նաեւ Գայել Անդոնյանը եւ նույնիսկ Վարազդատ Հարոյանը:
Առանձին անդրադարձի է արժանի Հենրիկ Մխիթարյանի, Արազ Օզբիլիսի եւ Էդգար Մանուչարյանի գեղեցիկ համագործակցությունը, որը տպավորիչ դրսեւորում ստացավ առաջին խաղակեսի մի քանի դրվագներում: Ու եթե Մխիթարյանը, ինչպես միշտ, հասցնում էր դրսեւորել իրեն խաղադաշտի բոլոր հատվածներում՝ ապացուցելով, որ ֆունկցիոնալ պատրաստականության խնդիր չունի, ապա Օզբիլիսը եւ Մանուչարյանն ընդմիջումից հետո տեղի տվեցին եւ հաջորդաբար փոխարինվեցին: Շատ էր ջանում նաեւ Մարկոսը, բայց զգացվում է, որ բրազիլացին շարժունակության առումով այլեւս նախկինը չէ: Առհասարակ երեկվա մարտավարական սխեմայում նրա ֆունկցիաները եւ դերը դեռեւս ենթակա են քննարկման: Դա արդեն մարզիչների խնդիրն է:
Հավաքականում նորամուտը նշեցին Լվովի «Կարպատների» հարձակվող Գեղամ Կադիմյանը եւ «Գանձասար Կապանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Նրանցից առաջինը խաղադաշտում անցկացրած 22 րոպեներին աչքի ընկավ համարձակ եւ ստեղծագործական խաղով: Այդպես շարունակելու դեպքում Կադիմյանը լրջորեն կուժեղացնի մեր հավաքականի հարձակման գիծը:
Թերեւս այսքանով սահմանափակվենք: Ինչպես երեւում է, Վարուժան Սուքիասյանը փորձում է բառի բուն եւ մարզական իմաստով կերպարանափոխել հավաքականը: Տեսնենք, թե ինչ կստացվի վերջնարդյունքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել