Armfootball.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հարցազրույցը բելառուսական pressball.by կայքին:

- Մի քանի տարի առաջ ասում էիք, որ դժվար թե հավաքականում հրաժեշտի հանդիպում անցկացնեք: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցին կազմակերպել այդ խաղը:

- Դա ՀՖՖ նախաձեռնությունն էր: Ինձ համար, իհարկե, շատ հաճելի է: Ուրախ եմ, որ կարող եմ ևս մեկ անգամ մեկնել Հայաստան, տեսնել տղաներին, երկրպագուներին: Ամեն դեպքում այդ հավաքականում շատ տարիներ եմ անցկացրել:

- Խաղադաշտ դուրս գալու՞ եք:

- Երևի մի քանի րոպեով, խաղասկզբում:

- Այդ խաղը Ձեզ համար կդառնա 94-րդը: Ափսոսու՞մ եք, որ մինչև 100 խաղի չձգեցիք:

- Դա կարևոր չէ․․․ Այդպես է ստացվել: Մեծ հաճույքով ավելի շատ կխաղայի: Բայց հիմա համար արժե՞ դարդ անել:

- Իսկ Բելառուսի հավաքականը հրաժեշտի հանդիպման համար հարմար մրցակի՞ց է:

- Անկասկած: Շատ լավ ու ամուր թիմ է: Բացի այդ էլ թիմը նախկին ԽՍՀՄ-ից է: Հիմա էլ Մոսկվայի «Դինամոյում», որտեղ աշխատում եմ, հանդես է գալիս Ստանիսլավ Դրագունը: Այո, նախկինում էլ, մեկ անգամ չէ, որ բելառուս թիմակիցներ եմ ունեցել, օրինակ Մաքսիմ Ռոմաշչենկոն: Շատ պլյուսներ կան:

- Բայց մեր թիմերը պաշտոնական խաղերում հանդիպել են միայն ԱԱ-2002-ի ընտրական խաղերի ժամանակ: Հիշու՞մ եք այդ հանդիպումները:

- Այո, բայց ես կարծեմ այդ ժամանակ չեմ խաղացել: Ակումբում էին խնդիրներ ծագել, թե այլ խնդիր էր, հստակ չեմ հիշում, բայց հաստատ ինչ-որ խճճված իրավիճակ կար:

- Նախորդ տարի ամռանը սկսեցիք զբաղվել մարզչական գործունեությամբ: Այդ որոշումը հեշտությամբ տրվե՞ց:

- Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Սկզբում «Դինամոյի» երկրորդ թիմում դարպասապահների մարզչի հաստիք ազատվեց: Միանգամից համաձայնվեցի: Ամեն դեպքում «Դինամոն» անունով ակումբ է: Կարիերան շարունակելու ցանկություն չկար, մանավանդ Հայաստանի հավաքականը պորտուգալացիներին պարտվելուց հետո ԵՎՐՈ-ին մասնակցելու հնարավորությունները կորցրել էր: Իսկ «Դինամոյում» վերջին ժամանակահատվածում արդեն պահեստային դարպասապահ էի, և որոշեցի ավարտել կարիերաս:

- Բայց «Փյունիկը» Ձեզ պայմանագիր էր առաջարկում: Չցանկացա՞ք հանդես գալ Հայաստանի առաջնությունում:

- Այդ գաղափարը ինձ հեռանկարային չթվաց: Այո, ես կարող էի երկու-երեք, առավելագույնը վեց ամսով երկարաձգել կարիերաս, բայց այդ դեպքում ձեռքիցս բաց կթողնեի «Դինամոյի» մարզիչ դառնալու հնարավորությունը: Իսկ ինչպես արդեն նշեցի, աշխատում էի դուբլում, հետո ինձ տեղափոխեցին հիմնական թիմ, որտեղ մարզում եմ դարպասապահներին: Ինձ մեջ արդեն սպանել էի դարպասապահին, հիմա մարզում եմ ուրիշներին:

- «Դինամոյի» կազմը, բացի Դրագունից, ձմռանը համալրեց Մինսկի նախկին դինամոյական Ֆատոս Բեչիրայը: Ինչպես են նրանք իրենց թիմում զգու՞մ:

- Շատ լավ, շփվող տղաներ են, հատկապես Դրագունը: Ստասը մերվել է թիմին: Արդեն առաջատարի հատկություններ է դրսևորում: Շատ է աշխատում, ձգտում է օգնել թիմին: Բեչիրայի համար ավելի բարդ է, նա միգուցե ամաչում է ռուսերեն շփվել և իրեն ավելի համեստ է պահում, բայց վստահ եմ, որ Ֆատոսի մոտ ամեն բան կստացվի:

- Կարդացել եմ, որ Ձեր ծնողները ծանոթացել են Շպիցբերգենում: Ի՞նչ գործ ունեին խորհրդային մարդիկ Նորվեգիայի տարածքում:

- Դա տեղի է ունեցել մինչ իմ ծնունդը՝ 15 տարի առաջ: Մանրամասներից տեղյակ չեմ։ Մի լուսանկար կա, որտեղ նրանք սկաֆանդրներով են․․․ Կարծես, ինչ-որ բարդ առաջադրանքներ էին լուծում: Հայրս հանքափոր է, այնպես որ հնարավոր է օգտակար հանածոներ էին հանում: Ես ինքս Շպիցբերգենում երբեք չեմ եղել:

- Մեծացել եք Երևանում: Հայերենին ռուսերենի պես տիրապետու՞մ եք:

- Կարելի է ասել այո: Տանը ռուսերենով էինք շփվում, բայց ես հայկական մանկապարտեզ եմ գնացել, քանի որ ռուսականներում տեղ չկար: Հետո բակում շատ ժամանակ էի անցկացնում, այնպես որ հայերենը ինքնուրույն եմ սովորել: Չէ որ երեխաները շատ արագ են յուրացնում: Իսկ այ ծնողներս հայերենն այդպես էլ նորմալ չյուրացրեցին, քույրս նույնպես: Ավագ եղբայրս ապրում է Երևանում: Բոլորիցս լավ է խոսում:

- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ռուսերեն գիտե՞ն:

- Ավելի վատ են խոսում, քան նախկինում: Առաջ թիմի 80 տոկոսը լեզվին լավ էր տիրապետում, իսկ 20 տոկոսը՝ ոչ այդքան: Հիմա այդ հարաբերությունը 70-ը 30-ի է: Չնայած «լավ» կոչվածը Ձեզ համար կարող է, ոչ այդքան լավ դիտվել, «ակցենտով»: Բայց ամեն դեպքում աշխատում են չմոռանալ: Ռուսաստանի հետ հարաբերությունները բարեկամական են: ԽՍՀՄ փլուզումից հետո բազմաթիվ ռուսական դպրոցներ փակվեցին, բայց հետո աստիճանաբար սկսվեցին վերաբացվել:

- Հայաստանի հետ հիմա Ձեզ ի՞նչն է կապում:

- Այնտեղ ապրում է եղբայրս իր ընտանիքով: Հայրս Հայաստանում է թաղված: Ժամանակ առ ժամանակ այցի եմ գնում նրա գերեզմանին: Եվ, իհարկե, ջերմ հիշողություններ, որոնք կապված են սպորտի հետ: Ես պետական մրցանակներ ունեմ, որոնք ինձ երկու տարբեր նախագահներ են տվել: Բայց ես Հայաստանում ընտրություններին չեմ մասնակցում:

- Իմ ծանոթ հայերը պատրաստ են երկար ու հետարքրքությամբ պատմել իրենց ազգի պատմության ու մշակույթի մասին: Դուք այդ հարցում ինչպիսի՞ն եք:

- Այդպիսին չեմ: Շատ բան եմ բաց թողել, երբ սպորտով եմ զբաղվել:

- Մանուկ հասակում, իհարկե, երկրպագել եք «Արարատին»:

- Ոչ, ցավել եմ Դոնեցկի «Շախտյորի» համար: Այն ժամանակ այդ թիմը այժմյան «Շախտյորի» թափը չուներ: Հիմա «Շախտյորը» կարելի է ասել եվրոպական լուրջ ակումբ է, իսկ այն ժամանակ ԽՍՀՄ առաջնությունում միջին կարգի թիմ էր համարվում: Իմ արմատները Դոնբասից են: Հայրս այնտեղ է մեծացել, երկու տատիկներս այնտեղ են ապրել: Երեխա ժամանակ արձակուրդներին շատ եմ գնացել: Ցավալի է տեսնել, թե հիմա Դոնեցկում ու Լուգանսկում ինչ է կատարվում․․․

- Բայց, այնուամենայնիվ, Դուք մեծացել եք Երևանում: Եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, ապա կխաղայի՞ք «Արարատում» ու կարիերան այնտեղ կանցկացնեիք:

- Չեմ կարծում, քանի որ այնտեղ չէի կարող տեղ ունենալ: Շատ հզոր մրցակցություն էր: Մի խոսքով, այդ հարցը հստակ պատասխան չունի, բարդ հարց է: 90-ականների սկզբին Հայաստանում հեշտ չէր: Ամեն ինչ քանդվել էր, մարդկանց համար սպորտը առաջին տեղում չէր: Հետո ԽՍՀՄ ուժեղ առաջնության փոխարեն բազմաթիվ թույլ առաջնություններ առաջացան․․․

- Իսկ մինչ այդ երկիրը շատ տուժեց ավերիչ երկրաշարժից, հետո Ղարաբաղյան կոնֆլիկտը: Այդ իրադարձությունները Ձեզ վրա անդրադարձե՞լ են:

- Ահավոր երկրաշարժ էր, փառք Աստծո, որ Երևանին չհասավ: Չնայած մեկ ցնցում մենք զգացել էինք: Հիշում եմ, դպրոցում ֆիզիկայի ժամին լաբորատար աշխատանք էի կատարում, և մի քառասուն վայրկյան ամեն ինչ սկսեց ցնցվելը: Բոլորը շատ էին վախեցել․․․ Իսկ պատերազմի ժամանակ ես նոր էի ավարտել դպրոցը: Մի թիմում էի խաղում, որը Ադրբեջանի սահմանից այդքան էլ հեռու չէր: Այնտեղ ինչ ասես կար, ռմբակոծություններ, կրակոցներ: «Գրադներից» էին կրակում: Ահավոր էր․․․

- Այդ իսկ պատճառո՞վ հեռացաք Ռուսաստան:

- Կարելի է ասել: Հայկական թիմը, որտեղ խաղում էի, լուծարվեց, ես էլ որոշեցի մեկնել Պետերբուրգ երջանկություն որոնելու: Սկզբում շատ դժվար էր, ծանոթներիս մոտ էի ապրում, բայց աստիճանաբար սկսեցի տեղս գտնել: Սկսեցի երկրորդ լիգայից, բայց հետո «Զենիթը» հրավիրեց:

- Պետերբուրգը 90-ականներին իրո՞ք ավազակային քաղաք էր:

- Այո, այդպիսի շունչ կար: Փառք Աստծո, ես այդ պատմությունների մեջ չէի ընկնում: Բայց այդպիսի վիճակ, իրոք կար՝ կարմիր պիջակներ, բանդիտներ․․․

- Քաղաքում այդ ժամանակ աշխատում էին ներկայիս ռուսական իշխանության շատ ներկայացուցիչներ:

- Ծանոթ եմ միայն Մուտկոյի հետ: Բայց նա մարզական քաղաքական գործիչ է: Ինչ վերաբերում է Պուտինին ու Մեդվեդևին, ապա նրանք երևի հետաքրքրվում էին «Զենիթի» գործերով, բայց ես նրանց ծանոթ չեմ:

- Իսկ Պիտերի ու «Զենիթի» նկատմամբ հիմա ի՞նչ եք զգում:

- Հաճելի է, որ թիմը շատ բաների է հասել: Սկսեց հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Իսկ Պիտերը կարելի է ասել հարազատ քաղաք է: Երիտասարդ տարիներս այնտեղ եմ անցկացրել: Հմայիչ տեղ է, որը միշտ իր մոտ է կանչում: Երբ մեկնեցի Մոսկվա, գրեթե ամեն ազատ օր օգտագործում էի՝ մեկնեմ հյուսիսային մայրաքաղաք: Այդ հիմա է, որ արդեն լիիրավ մոսկվացի եմ, արդեն 15 տարուց ավել է այստեղ եմ ապրում:

- Պիտերցիներն ու մոսկվացիները միմյանցից շա՞տ են տարբերվում:

- Տարբերություն կա: Երկու քաղաքներում էլ հանդիպում են բարի ու չար, բարեսիրտ ու չկամ մարդիկ: Պետք չէ ընդհանրացնել: Բայց այն, որ Պետերբուրգցիները ավելի բարեկիրթ են, աչք է զարնում: Նրանցից շատերի ծնողները շրջափակում են տեսել, դա երևի իր հետքը թողել է:

- Հետո Դուք հայտնվեցիք «Խիմկիում»: Հետաքրքի՞ր էր:

- Հեռացա «Դինամոյից», քանի որ հեռանկարներ չէի տեսնում: Թիմը գլխավորել էր Յուրի Սյոմինը, ով իր հետ բերել էր Սերգեյ Օվչիննիկովին: Իսկ ինձ մրցակցություն էր գոնե անհրաժեշտ, իսկ այս դեպքում, արդեն սկզբից պարզ էր, որ ես այդ թիմում տեղ չունեմ, իսկ դա ինձ ձեռք չէր տալիս, այդ իսկ պատճառով գնացի «Խիմկի», որը այդ պահին հանդես էր գալիս առաջին լիգայում: Հետո մտանք Պրեմիեր լիգա: Լավ թիմ էր հավաքվել՝ Յուրա Դրոզդով, Անդրեյ Տիխոնով, Վոլոդյա Բեսչաստնիխ: Հիմա էլ եմ թիմին հետևում, հիմա երկրորդ լիգայում են, բայց հնարավորություն ունեն առաջին լիգա դուրս գալ:

- Մի պահ Ձեզ էր հրավիրում ֆրանսիական «Սենտ-Էտյենը»: Ինչու՞ չստացվեց:

- Ֆրանսիացիները առաջարկում էին եվրոպական անձնագիր ձևակերպել, որպեսզի ես լեգիոներ չհամարվեմ: Բայց հասկացա, որ դա պետք է ֆիկտիվ ու անազնիվ կերպով արվեր, այդ իսկ պատճառով հրաժարվեցի: Հետո պատմություններ եղան, բազմաթիվ մարդկանց դրա համար բռնեցին, որոնց թվում նաև դարպասապահ Մաքսիմ Լևիցկիին, և արգելեցին այլևս մուտք գործել Եվրոպա:

- Դրանից հետո Եվրոպայից առաջարկ չի եղե՞լ:

- Ոչ, բայց ես չեմ ափսոսում: Կարիերաս առանց դրա էլ նորմալ է ստացվել, չեմ բողոքում:

- Ռուսաստանի առաջնությունում հետ մղված 11 մետրանոց հարվածների ռեկորդակիրն եք․ ո՞րն է գաղտնիքը:

- Լավ ինտուիցիան, ռեակցիան ու համբերությունը, որպեսզի ժամանակից շուտ այս ու այն անկյունը չցատկես:

- «Զենիթում» Ձեզ մեղադրում էին, որ խաղեր եք ծախել: Տհաճ նստվածք մնացե՞լ է:

- Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, տհաճ էր, շատ տհաճ էր:

- Ճի՞շտ է, որ վերջին տարիներին խաղալու հիմնական մոտիվացիան հավաքականում հանդես գալն էր:

- Երբ 37 տարեկանում տեղափոխվեցի «Դինամո» սթափ գնահատեցի իմ հեռանկարները: Հասկացա, որ ավելի շատ փոխարինող եմ, բայց ակումբում միշտ իմ նկատմամբ դրական են տրամադրվել: Մոտիվացիան ամեն դեպքում միշտ կար, բայց երբ արդեն վերջնական փոխարինող էի, արդեն առաջին պլան էր մղվում ազգային թիմը:

- Դուք հայ ու արտասահմանցի մարզիչներ եք ունեցել, ու՞մ կառանձնացնեիք:

- Շոտլանդացի Յան Պորտերֆիլդին: Մարդու մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, և նա գիտեր, որ իր վերջին օրերն են: Բայց միևնույն է գալիս էր հավաքական, աշխատում էր, չնայած հազիվ էր քայլում: Նա իմ հոգում անբեկանելի հետք է թողել: Ինչպես էր նա ապրում ֆուտբոլով: Գործի նկատմամբ նրա վերաբերմունքը միայն հիացնում էր ու մեզ ուժ էր տալիս: Շատ բաներում հենց նրա շնորհիվ է, որ հայկական ֆուտբոլում փայլեցին Հենրիխ Մխիթարյանն ու այլ տղաներ:

- Հիմա Մխիթարյանը հավաքականի առաջատարն է, իսկ կյանքում ինչպիսի՞նն է:

- Մարդ, ում մասին միայն լավը կարող եմ ասել: Շատ կիրթ, գրագետ, իսկական պրոֆեսիոնալ: Հավաքականը նրա հետ մեծ հույսեր է կապում: Վստահ եմ, Հենրիխին ֆուտբոլից հետո էլ է հիանալի ապագա սպասվում, նա ուր ասես կարող է իրեն դրսևորել, նույնիսկ քաղաքականության ոլորտում: Մարդը 7 լեզուներով ազատ խոսում է․․․

- Իսկ Դուք ապագայում կցանկանայի՞ք գլխավոր մարզիչ դառնալ:

- Չգիտեմ, դեռ նոր եմ այս ոլորտում, մեկ տարուց էլ պակաս: Բայց ինձ համար հետաքրքիր է, հետո, հնարավոր է ցանկանամ դառնալ գլխավոր մարզիչ:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որպեսզի նրանք ավելի երկար խաղային, որ նրանք իրենց առողջությանը ավելի լավ հետևեի՞ն:

- Որքան մեծանում ես, այնքան ավելի խիստ է պետք պահպանել ռեժիմը, մարզվել ոչ միայն մարզումների ժամանակ, այլև լրացուցիչ, ինքնուրույն մարզումներ անցկացնել: Մկանները տարիքի հետ ավելի արագ են տոնուսը կորցնում:

- Ծխելուն ու խմելուն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ոչ դրական: Չեմ ասեի, որ ես ինքս չեմ չարաշահել:

- Պատահե՞լ է:

- Իհարկե: Բայց տարիքի հետ, այդ առումով սկսել եմ ավելի խիստ մոտենալ:

- Ձեր կյանքում բացի ֆուտբոլից էլ ի՞նչ կա:

- Միայն ընտանիքս: Տղաս է մեծանում, ճիշտ է ֆուտբոլիստ չէ: Բայց ժամանակս չի հերիքում, քանի որ սովորում ես, պետք է մարզչական արտոնագիր  ձեռք բերես:

- Ձեր ազգանվան ամենահայտնի դեմքը հանգուցյալ Բորիս Բերեզովսկին է: Նրա հետ Ձեզ երբեք չեն շփոթե՞լ:

- Ոչ: Բայց այդ առումով շատ են կատակել: Հատկապես 90-ականների վերջին ու 2000-ականների սկզբին, երբ Բորիս Աբրամովիչը ամենահայտնի դեմքերից էր: Անձնագրային ստուգման ժամանակ սահմանապահը կարդում է ազգանունս ու ժպտում․ «Օ՜, Դուք նրա բարեկա՞մն եք»: Չնայած, պարզից էլ պարզ է, որ այդ ազգանվանակցի հետ մեր ուղիները չեն հատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել