Կառավարությունը իր վերջին նիստում հետաձգել է «Որոտան Սիսթեմս» ՍՊ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Որոտան Սիսթեմս» ՍՊ ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա:

Նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3,31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն. ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Նախատեսվում է օգտագործել չեխական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը՝ 80-90 հազ. դրամ:
Բացի այդ, Գործադիրը թույլատրել է «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը:

Այդ ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 68,5 միլիոն դոլարի: Մոտակա 5 տարվա ընթացքում կստեղծվի առնվազն 70 նոր աշխատատեղ՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է ընդլայնել արտահանումն հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, ՄԱԷ, Հոնկոնգ, Մեքսիկա, Իրաք, Իսրայել՝ ապահովելով արտահանման տարեկան ծավալը մոտ ապագայում շուրջ 9.500.000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Ավելացնենք, որ նորաստեղծ «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «BaG Jewelry» ընտանիքի անդամ, որն ունի 30 տարվա աշխատանքային պատմություն միջազգային ոսկերչական ոլորտում: Ընկերությունն ունի ավելի քան 10 000 անվանում:

Ընկերությունն ունենալու է 700քմ արտադրական տարածք «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում: «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը մինչև 9 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել