Ուսումնասիրելով ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի երկրներում կոմունիստական ռեժիմի դեմ շարժումները, մի հետաքրքիր բան նկատեցի: Համաժողովրդական շարժումների ժամանակ մեծ էր մտավորականության դերը: Այդ ժամանակվա սոցիալիստական ճամբարի և ԽՍՀՄ-ի մտավորական և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող սերունդի ներկայացուցիչներից էին Չեխիայից գրող Վացլավ Հավելը, գրող Պավել Կոգոուտը, փիլիսոփա Յան Պատոչկան, Լիտվայից «Սայուդիսի» առաջնորդներ երաժիշտ Վիտաուտաս Լանդսբերգիսը, փիլիսոփա Արվիդաս Յուզայտիսը, գրող Վիտաուտաս Բուբնիսը, Լեհաստանից պատմաբան Կարոլ Մոդզելեվսկին, լրագրող Ադամ Միխնիկը, հասարակական գործիչ Յակոբ Կորունը, Էստոնական «Ժողովրդական ճակատից» գիտնական Վիկտոր Պալմը ակադեմիկոս Բրոնշտեյնը և այլոք: Փաստացի տարբեր երկրներում կար մտավորական սերունդ, որը հանդիսանում էր 1970-80-ականների այն ինտելեկտուալ և դիսիդենտական զանգվածը, որը այդ ժամանակ փորձում էր սեփական երկրներում տարատեսակ անկախ խմբակներ կամ իրավապաշտպան նախաձեռնություններ ստեղծել և որը արդեն 1980-ականների վերջին սեփական երկրներում կազմակերպված ձևով գլխավորեց համաժողովրդական ընդզվումները: Արդյո՞ք ներկայումս հայկական իրականության մեջ կա, այն գաղափարական և ազատ մտավորական խավը, որը կարող է կազմակերպող ուժ հանդիսանալ լուրջ գործընթացի ժամանակ: Բնակաբար չկա, որովհետև մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որը իր ցածր կենսամակարդակով և խեղված արժեքային համակարգով չի կարող ունենալ այդպիսի մտավորական սերունդ: Ներկայումս մեր արժեհամակարգի կերտման կարևորագույն մաս հանդիսացող մշակույթի դեմքերն արմենչիկներն են և կրիմինալ վարքուբարքով սերիալները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել