Երբ տեղական լրատվամիջոցներն են ներքաշվում ընտրական գործընթացներում՝ քարոզչության կամ հակաքարոզչության համատեքստում, բնականոն երևույթ է, չէ՞ որ հայտնի աքսիոմ է՝ ցանկացած տեղեկատվություն քարոզչություն է… Բայց, երբ ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ գործող Ազատություն ռադիոկայանն է փորձում քարոզչական ու հակաքարոզչական գործընթացներին մասնակցել, սա արդեն տեղեկատվական անվտանգության խնդիր է:

Հրազդան քաղաքի համայնքային ընտրությունների լուսաբանման Ազատության մեթոդաբանությունը հենց այս շարքից է: Խոսքը, բնավ, լրագրողի ու նրա մասնագիտական ունակությունների մասին չէ, այլ՝ խմբագրության ու ֆինանսավորողի մոտեցումների մասին է: Երբ լրատվամիջոցի խմբագրությունն ընտրում է ոչ թե քաղաքապետի թեկնածուներ Դանիելյան-Միքայելյան ձևաչափով իրադարձությունները լուսաբանելու մեթոդաբանությունը, այլ՝ Փաշինյան-Դանիելյան ձևաչափը, ակնհայտ է, որ լրատվամիջոցը կանխակալ մոտեցումներով է առաջնորդվում: Երբ իրավական մարմինների գնահատականները դեռևս չլսած Ազատությունը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դերը, փաստը մտորելու առիթ է տալիս:

Ի դեպ, Հրազդանի քաղաքապետն ասում է, թե ինքը քաղաքական ընտրությունների չի մասնակցում, այլ համայնքային՝ ճանապարհ, տանիք և կոյուղի կառուցող ու վերանորոգող պաշտոնյայի ընտրության է մասնակցում, չի ցանկանում, որ իրենց քաղաքը վերածվի քաղաքական շոուների թատերաբեմի ու համապետական ընտրություններից առաջ որոշ ապրոբացիոն տեխնոլոգիաների փորձադաշտի, Նիկոլ Փաշինյանի շտաբը հակառակն է անում, և լավ է անում, դա իրենց գործն է: Ազատությունն ավանդաբար պնդում է, թե ընդդիմությանն արտահայտվելու և տեսակետ հայտնելու հարթակ է տրամադրում: Բայց այս փաստարկն աշխատել չի կարող: Ով-ով, բայց Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը քարոզչական ենթակառուցվածքների խնդիր, կարծես, չունեն՝ ոչ կայքերի, ոչ էլ թերթերի մասով: Երբ Ազատությունը դառնում է Սասուն Միքայելյանի քարոզրաշավի առաջամարտիկը, սա արդեն խնդիր է, իմ կարծիքով նաև անարգանք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ուժերի հանդեպ:

Բնավ, ի նկատի չունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկել ու որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է դառնա Հրազդանի քաղաքապետ: Բայց իրավունք ունե՞մ մտածելու, որ ամերիկյան ինչ-ինչ շրջանակներ Ազատություն ռադիոկայանի խողովակով Հայաստանում փորձում են իրավիճակ շիկացնել, պղտոր ջրում ձուկ որսալ, այլ կերպ ասած՝ «մի բան ճոճել»: Չէ որ այլ երկներում տեսել ենք ամերիկյան լրատվամիջոցների, այդ թվում նաև Ազատության գործելաոճի հետևանքը: Անկեղծ ասած, զարմանալի էր, թե ինչու՞ այս թեմայով Ազատությունը դեռ չի խոսեցրել «ոստիկանական բանդաներ» ու «ռեժիմ» տեմինները մեծ սիրով գործածող և նույն շրջանականերից ֆինանսավորվող «իրավապաշտպաններ» Ժաննա Ալեքսանյանին ու Արթուր Սաքունցին: Չէ որ, ընտրություններ՝ մեկնաբանում է Սաքունցը, բանակ՝ մեկնաբանում է Սաքունցը, շունը փողոցում կատու գզեց՝ մեկնաբանում է Սաքունցը:

Կարծում եմ, բոլոր համապետական և տեղական ընտրություններում լրատվական դաշտի մոնիտորինգ անող և հավասար հնարավորություններ խրախուսող պետական և հասարակական կառույցները ՊԱՐՏԱԴԻՐ ամեն անգամ պետք է աչալուրջ մոնիտորինգի առարկա դարձնեն նաև Ազատություն ռադիոկայանի եթերը: Այլապես որևէ բարոյական իրավունք չի մնա տեղական լրատվամիջոցներին սահմանների մեջ պահելու՝ չտեսնելով, որ ամեն անգամ Ազատությունը լրատվամիջոցից շատ արագ դառնում է քաղաքական գործիք ու քաղաքական պայքարի ուղղակի կողմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել