Ինչևէ, քաղաքական կյանքն էլ է մեզ նման՝ ճոխ-ճոխ, լիքը-լիքը, ցուցադրական, բազմատեսակ, զռռացող…Մեր հարսանիքների, մեր թաղումների, մեր բիզնեսների, մեր թաղային-քուչայական, ախպերական հարաբերությունների, մեր կապկած, թխած, էկլեկտիկ ֆիլմերի նման:
Հիմա էլ նոր դրսևորում, նոր առանձնահատկություն է ցայտուն նկատվում, թե ով է ամենաընդդիմադիրը և ժողովրդի համար իրեն պատեպատ տվողն ու պուպուշը: Ընդդիմադիր հորջորջյալ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները սկսել են իրար ավելի ատել, իրար ավելի շատ վարկաբեկել, քան իշխանություններին…Ու գնալով առաջիկայում ավելի կսրվի այդ պայքարը, կդառնա ավելի անզիջում ու դաժան:
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ դիվանբաշի…Կհիշեն անհիշելին, կհիշեցնեն, կհոշոտեն, կփորփրեն, կբզկտեն իրար…Չէ՛, չեն համախմբվի, չեն համագործակցի, որովհետև ամբիցիաները, պաշտոնամոլությունը, փառքը, իշխանության ձգտումը բոլորի մոտ առաջնայինն է, կարևորը, հիմնականը…Ժողովրդի, քաղաքացու մասին էլ մտածում են ձեռի հետ՝ այնքանով, որքանով…<<Կուտը>> տան, ընտրվեն ու պաշտոն ստանան…Բոլորն էլ ձգտում են իրենք լինեն առաջինը, գլխավորը, կարևորը, պայմաններ թելադրողը, պարտադրողը…Ի՞նչ ընդհանուր նպատակ՝ ժողովրդի, պետության, ազգի, երկրի շահեր, խնդիրներ…Թքած ունեն, դրանք իրենց համար հիմնական նպատակին՝ իշխանության հասնելու սոսկ միջոց են, շիրմա՝ ընդամենը, դրա համար էլ երբեք չեն համախմբվի…Դա հային և հատկապես հայկական արտադրության քաղաքական դաշտին հարիր չէ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/780713618725958?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել