«Հայկական ժամանակ» օրաթերթի 2016թ. մարտի 22-ի #51(3915) համարում Դանիել Իոաննիսյանը հրապարակել է «Լավության դիմաց վարձակալին կհանեն» վերտառությամբ հոդված:
Դանիել Իոաննիսյանը երբեմն-երբեմն ոստիկանության մասին «ցնցող բացահայտումներով» է հանդես գալիս, որը սովորական դարձած գործելակերպ է: Բայց երբ հոդվածագիրը սկսել է ոստիկանության վերաբերյալ նյութերը շրջանառել կենցաղային իրավահոգեբանության տիրույթում, այլևս տխրեցնող է, մտահոգիչ: Մտահոգիչ, որովհետև քարոզչական ուղղվածություն ունեցող նյութերը փորձագիտական արժեք չունեն, պաշտոնատար անձանց ու հանրությանը մտածելու տեղիք չեն տալիս:
Նոր Նորքի բաժնի գործողություններն ամբողջությամբ համապատասխանում են օրենքի տառին և ոգուն: Ներխուժումը վերացնելու ոստիկանական գործառույթի համար նորմատիվ հիմք է հանդիսանում բացառապես օրենքը, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը: Համաձայն հիշյալ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք (այսուհետ՝ ներխուժում): Ներխուժում է համարվում նաև՝
1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.
2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
Եթե հոդվածագիրը պնդում է, որ բնակարանը փաստացի օգտագործողին տրվել է վարձակալությամբ, ապա ճիշտ կլիներ, ոստիկանության ծառայողներին պախարակելու փոխարեն, շահագրգիռ անձին խորհուրդ տար ներկայացնել նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագիրը: Միայն այդպիսի պայմանագիրը կարող է ներխուժումը վերացնելու դիմումը մերժելու օրինական հիմք հանդիսանալ: Հակառակ պարագայում` բանավոր պայմանավորվածության հիման վրա օգտագործման հանձնված անշարժ գույքը վարձակալության իրավահարաբերություններ չի առաջացնում, և անշարժ գույքի սեփականատերը ցանկացած ժամանակ կարող է պահանջել, որպեսզի փաստացի օգտագործողը դուրս գա անշարժ գույքի տարածքից:
Ներխուժումը վերացնելու գործողությունն իրականացնելիս ոստիկանությունը «իրավապահ» խնդիր չի լուծում, այլ սեփականատերերին աջակցում է իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցում, որը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներից է:
Հուսով ենք` այս պարզաբանումը կներգործի պարոն Իոաննիսյանի իրավագիտակցության վրա, և որքան էլ որ մերձավոր ազգականներին առնչվող հարցերը բնական զայրույթի կամ կարեկցանքի զգացողություններ արթնացնեն, հրապարակախոսական էթիկան այսուհետև կպարտավորեցնի նախապես ուսումնասիրել գործող իրավակարգավորումները, իրավաբանական գործի վերաբերյալ հասանելի փաստական հանգամանքները, հետո նոր անցնել կոռուպցիոն մեղադրանքների գործիքակազմի օգտագործմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել