Եվրոպական հանրության տոլերանտության ամրության ռեսուրսը սպառվում է։ Փարիզյան ահաբեկչությունը դեռ չէր հասցվել մոռացվել և ահա հիմա Բրյուսելում են տեղի ունենում սարսափելի պայթյուններ, որոնք խլում են տասնյակ մարդկանց կյանքեր։

Պատասխանատվություն դեռ ոչ մեկ չի ստանձնել այս ահաբեկչությունների համար, բայց մի բանում կարելի է վստահ լինել․ այս ամենը հանգեցնելու է հակաիսլամական ու հակամիգրանտական ալիքի հզորացման, որն էլ իր հերթին կբերի աջ ծայրահեղական ուժերի աննախադեպ վերելքի, որի հզորությունն ուղիղ համեմատական կլինի եվրոպական իշխանությունների անգործությանն ու տոլերանտությանը։

Իրականում, էական չէ, թե կոնկրետ որ ահաբեկչական խմբավոորումն է կանգնած այս պայթյունների հետևում ու ինչ ազգության ներկայացուցիչներ են եղել դրանք իրականացնողները։ Ակնհայտն այն է, որ ԵԹԵ պարզվի, որ կա իսլամական հետք, եվրոպական տոլերանտությունը էլ չի դիմանա ու կպատռվի, ինչպես փոթորկի մեջ հայտնված նավի առագաստ և այդ ժամանակ արդեն կիրականանան այն մարդկանց կանխատեսումները, որոնք ասում էին, որ հեռու չէ այն օրը, երբ Բրեյվիկը ոչ միայն որպես բացարձակ չարիք չի դիտարկվի, այլ կհերոսացվի շարքային եվրոպացու կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել