Շատ ենք սիրում համեմատվել հրեաների հետ, ասելով, որ մենք շատ նմանություններ ունենք: Ես համաձայն եմ այս կարծիքի հետ, մենք նման ենք իրար ուղղակի հրեաներն իրենց խելքն օգտագործում են հանուն Իսրայելի, իսկ մենք շատ հաճախ մեր խելքն օգտագործում ենք հանուն խմբային շահի: Վստահ եմ, որ 25 տարվա ընթացքում կուտակած մուտիլովկաների ու խարդավանքների հսկայական բացասական փորձը, որն այսօր պտտվում է մեր հասարակության ներսում ու տանում է մեր պետականությունը դեպի թուլացում, ուղղվեր հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի շահի՝ ապա մեր երկիրն այսօր կդառնար շատ նման Իսրայելին: Ուշադրություն դարձրեք, թե ինչեր ենք անում հանուն անձնական շահի, չկա գիծ, որից այն կողմ անցնել չի կարելի, չկա գիծ, որը ցույց կտար պետական շահի սահմանը: Ես բազմիցս ասել եմ, որ եթե քիչ թե շատ ազդեցություն ունեցող մարդիկ իրենց անձնականի նման մտածեին պետական շահի մասին, ապա մենք այսօր չէինք ունենա տնտեսական առկա տխուր վիճակը, չէինք ունենա արտագաթի այս տեմպերը, չէինք ունենա շուրջ 5 միլիարդ դոլարի հասնող պետական պարտքը: Այս ընթացքում մենք հաղթել ենք ինքներս մեզ ու ինքներս մեր մեջ չեմպիոններ ենք հռչակել, այնինչ տուժել է պետականությունը, այն թուլացել է, թեկուզ զուտ այն պատճառով, որ շատ երիտասարդ ընտանիքների համար Գրին Քարտի խաղարկությանը դիմելն ու դրա արդյունքերին սպասելը դարձել է այս կյանքից իր միակ հույսը: Վարդան Պետրոսյանի ասածի նման «քուչի մակարդակով լավ տղու» մակարդակից բարձր չենք գնում, չենք ձգտում գոնե «ռեգիոնալ մակարդակի» լավ տղության: Առավել ցավալի է այս պատկերը հենց ընտրությունների ժամանակ, երբ ականատես ես լինում, թե մի քանի հարյուր հազարի համար մարդիկ ինչպիսի հնարամտությունների են դիմում, ինչերի մեջ են օգտագործում իրենց խելքն ու գիտելիքները... սա, իմ կարծիքով, մեր ողբերգության պատճառններից մեկն է: Նույնիսկ չկա իր ոլորտում ձախողման համար պատասխան տվող գեթ մեկ մարդ, կապ չունի, թե ինչքան է անկումը տնտեսության կամ թե ինչ անհաջողություններ են արձանագրվել արտաքին հարաբերություններում, միևնույնն է, ոչ ոք ոչնչի համար պատասպան չի տալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել