բացել լրահոսը
21.03.2016  20:00

Վրացի միլիարդատերը ցանկանում է գնել Երուսաղեմի Խաչի վանքը՝ ընտրություններին ընդառաջ

Alik Eroyants

Նշվածի մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ նշելով, որ նման գործարքի գլխավոր դերակատարը կարող է լինել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Մինչ պարզ կդառնա, թե ով է իրականում վանքը գնելու համար մի քանի միլիոն վճարելու պատրաստ այդ մեծահարուստը, տարաբնույթ քննարկումներ կծավալվեն, սակայն պետք է հիշել, որ վերջին անգամ վերոհիշյալ հարցի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել դեռևս 2012թ.-ի սկզբին, երբ նախագահ էր Սաակաշվիլին, ով այդ ժամանակ հայտարարեց, որ վրացական կողմը աշխատանքներ է սկսել Երուսաղեմի Խաչի վանքը վրաց եկեղեցուն վերադարձնելու ուղղությամբ:

Նախագահի հայտարարությունը, սակայն, անակնկալ էր թե՛ վրաց եկեղեցու, թե՛ իսրայելական իշխանությունների համար, ովքեր հայտարարեցին, թե իրենք որևէ բանակցություն չեն իրականացնում Թբիլիսիի հետ: Տվյալ իրավիճակում վրացական կողմը ստիպված եղավ պատվիրակություններ ուղարկել Երուսաղեմ՝ ԱԳ նախարարի և ԱԺ նախագահի մակարդակով՝ հարցը հարթելու նպատակով:

Ի վերջո, իսրայելական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ Թբիլիսին հիշյալ հարցով պետք է բանակցի հունական եկեղեցու, այլ ոչ թե՝ Թել-Ավիվի հետ, քանզի մշակութային այդ կոթողը պատկանում է հենց հունական եկեղեցուն: 2012թ.-ի մարտի 8-ին Երուսաղեմի հունական եկեղեցու պատրիարք Թեոֆիլ Երրորդը «Izrus.co.il» լրատվական կայքին տված հարցազրույցում իր հերթին հաստատել էր, որ Վրաստանի իշխանությունները բանակցություններ կարող են վարել միայն Երուսաղեմի պատրիարքարանի հետ:
Այսպիսով անցել է արդեն 4 տարի,սակայն իրավիճակը չի փոխվել:

Միևնույն ժամանակ, հետաքրքիրն այն է, որ ինչպես և 2012թ-ին, այնպես էլ այս տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և չի բացառվում, որ ինչպես և այն ժամանակ իշխող քաղաքական ուժը՝ Սաակաշվիլիի նախագահությամբ, և այժմ գործող իշխանությունները նույնպես փորձում են Վրաց եկեղեցու ուշադրությունը գրավել, ապա նաև շահել հասարակության համակրանքը, քանի որ եկեղեցու և մասնավորապես վրաց պատրիարքի խոսքը մեծ արժեք և կարևորություն ունի հանրության համար: Ըստ այդմ, թերևս փորձ է արվում հանրությանը ցույց տալ, որ իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրում Երուսաղեմի Խաչի վանքը վրաց եկեղեցուն վերադարձնելու ուղղությամբ, և դա է պատճառը, որ որպես գնորդ ներկայացվում է հենց Բ.Իվանիշվիլին, ով անուղղակիորեն կապ ունի Վրաստանի այսօրյա իշխանավարության հետ:

Ի դեպ, Երուսաղեմի Խաչի վանքը կառուցվել է 11-րդ դարում և ի սկզբանե պատկանել է Վրաց ուղղափառ եկեղեցուն, դարեր շարունակ հանդիսացել է վրացական խոշորագույն մշակութալուսավորչական կենտրոն Վրաստանի սահմաններից դուրս: Սակայն 17-րդ դարում, պարտքերի պատճառով, Երուսաղեմի Խաչի վանքը վաճառվել է, և մինչ օրս վանքի սեփականատերն է հանդիսանում Հույն ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը: Ներկայումս վանքի հողատարածքում է գտնվում նաև Իսրայելի Կնեսետի շենքը, և այդ տարածքի վարձակալն է համարվում իսրայելական կառավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 835 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝