Գագիկ Գինոսյանի խոսքը Թամանյանի ճարտարապետական ժառանգության մասին... «Ալեքսանդր Թամանյանը` հայոց նորօրյա մայրաքաղաքի արարիչն է, մարդ, որը եկավ վերածնելու հայկական քաղաքաշինությունը, որից գրեթե ոչինչ չէր մնացել...
Ինչ որ մարդկանց այսօր անհրաժեշտ է ներկայիս կառուցած Հյուսիսային պողոտան վերագրել Թամանյանին, այնինչ` դա Թամանյանի կողմից նախագծածի խեղկատակությունն է: Դա ուղղակի ծաղրանկարն է այն թամանյանական Հյուսիսային պողոտայի, որը նախագծվում էր որպես վեհապանծ մի փողոց և պետք է իրար միացներ հայոց նոր մայրաքաղաքի Միտքն ու Հոգին, մշակութային կենտրոնը` այսինքն Օպերայի և բալետի շենքը` Կառավարության շենքին: Պատկերասրահի շենքը այդպես էլ չվերացվեց, բայց փոխարենը վերացվեցին այն բազում հյուղակները, որտեղ ապրում էին հասարակ երևանցիներ, որոնք նետվեցին փողոց, որոնց կյանքի, կահկարասու և շինությունների հաշվին որոշ մարդիկ վաստակեցին միլիարդներ, և այդ ամենի փոխարեն մեզ «պարգևեցին» սառը, ողորկ ու նեոսոցիալիստական ոճի մի փողոց, որը բացարձակապես ոչ մի կապ չունի թամանյանական հանճարի հետ:
Թամանյանի Հյուսիսային պողոտան պետք է լիներ առնվազն երկու անգամ ավելի լայն ու առնվազն երկու անգամ ավելի ցածր շենքերով: Իսկ այսօր եթե Հյուսիսային պողոտայի սկզբնամասից նայենք Օպերային, ապա կտեսնենք խեղճ ու կրակ մի շենք, որը սեղմված ծվարել է բարձրահարկերի արանքում: Այնինչ պետք է լիներ լրիվ հակառակը` այդ նախատեսված հզոր ու լայն փողոցի վերջում` հառնող և ավելի բարձր Օպերայի շենք, որը պետք է լիներ դոմինանտ` այդ փողոցի եզրափակիչ կետը: Ծավալները մեծացան, բիզնեսը խորացավ` և մենք «բարեհաջող» կարողացանք ոչնչացնել թամանյանական նախագիծը` պահպանելով լոկ նրա անունը...
Թամանյանն ասում էր` կա կառուցելու ժամանակը, բայց կա նաև երբեմն սխալ կառուցելու ժամանակը, դրա համար էլ քաղաքներն ունենում են նաև քանդելու ժամանակներ: Արթուր Մեսչյանը մի առիթով ասաց` մի օր էլ կգան նաև Հյուսիսային պողոտան քանդելու ժամանակները: Եվ ես վստահ եմ, որ անպայման կքանդենք ու` ազգովի կքանդենք, որովհետև դրանք ոչ հայոց ոգուն, ոչ էլ հոգևոր աշխարհին վայել կառույցներ չեն... Այսօր Երևանը «գեղի» է վերածվել՝ անճաշակության ու անգրագիտության շնորհիվ, իսկ Երևանում թամանյանական հետքը ջնջել ցանկացող երևույթներին մի բան ունեմ ասելու. դուք բոլորդ անցնելու եք գնաք՝ ձեր իսկ սարքած անճոռնի շինություններով հանդերձ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել