Դամասկոսում տեղակայված օպերատիվ կենտրոնի տվյալների համաձայն (տեղեկատվությունը հրապարակվել է հատուկ աղբյուրի տրամադրմամբ)՝ Սիրիայում շուրջ 3 շաբաթ շարունակվող հրադադարի ռեժիմը լավագույնս պահպանվում է երկրի հարավում, որտեղ կրակի դադարեցման սկզբունքներն ընդունել են հակակառավարական խմբավորումների 95%-ը: Հարավային Դարաա և Սուեյդա նահանգներում ընդդիմադիր կառույցների և կառավարության միջև ուղղակի բանակցություններն ավելի լայն ծավալ են ընդգրկում. վերոնշյալ շրջաններում առանցքային դերակատարություն ունի ԱՄՆ-ի հովանու նեքո գործող «Սիրիական ազատ բանակի» Հարավային ճակատ կառույցը:
Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգում, հրադադրի արդյունվետությունը կազմում է շուրջ 70%. Այս շրջանում հիմնական դերակատարություն ունեցող ընդդիմադիր խմբավորումների կազմը բավական խայտաբղետ է. դրանք գտնվում են հիմնականում և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի ու Կատարի հովանավորության ներքո:
Կենտրոնական և հյուսիս-արևմտյան Համա և Իդլիբ նահանգներում, որտեղ առավել ակտիվորեն գործում են հրադադարի ռեժիմին չմիացած «Ահրար ալ-Շամ» և ահաբեկչական ճանաչված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումները, կրակի դադարեցման ռեժիմը արդյունավետ է 60-65%-ով. վերոնշյալ կառույցները կրում են Թուրքիայի և Կատարի ազդեցությունը:
Ռազմական իրավիճակը համեմատաբար թեժ է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ ճակատում՝ Եփրատ գետի երկու ափերին, ինչպես նաև՝ պատմական Պալմիրա քաղաքի մերձակայքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել