Կառավարությունը հավանության արժանացրեց Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության 2016 թվականի ծրագիրը: Դրա նպատակն է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումը:

Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայվել է 23 տեղական և օտարերկրյա կազմակերպություն, ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
Կենտրոնի ուսումնական, հետազոտական և ինկուբացիոն լաբորատորիաներում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ. պատրաստվել և վերապատրաստվել են 1360 աշակերտ, ուսանող և մասնագետ, բիզնես աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրվել 160 թիմի, ընկերության և անհատ ձեռնարկատիրոջ, կազմակերպվել են մի շարք աշխատաժողովներ, սեմինարներ, հանդիպումներ, շնորհանդեսներ և այլն:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2016թ. շարունակվելու է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագրի համաֆինանսավորումը: Սակայն հաշվի առնելով, որ 2016թ. հունիսի 30-ին ՀԲ վարկային ծրագիրն ավարտվելու է, ներկայացվող ծրագիրը 2016թ. հուլիսից կֆինանսավորվի միայն ՀՀ պետական բյուջեի ու Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեությունից գոյացած միջոցների հաշվին: Պետբյուջեից այդ նպատակին կհատկացվի 222 միլիոն դրամ:

Ծրագիրը կնպաստի Երևանի և մարզերի սոցիալ-տնտեսական անհամամասնությունների կրճատմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել