Հանրային կյանքում նոր օրակարգ ստեղծելու և այն իրականություն դարձնելու, իսկ ավելի կոնկրետ` հաջողության հասնելու գրավականը կարող է լինել բացառապես համերաշխ գոյակցության, քաղաքակիրթ երկխոսության և փոխադարձ հանդուրժողականության ձեռքի մեկնումը հասարակությանը` օրակարգի հիմքում դնելով 'Իշխանության հիմքը ներքևից, վստահությունը` վերևից' բանաձևը:
Եթե սրան գումարենք նաև այդ հոսանքի հանրային վարքագծի անկանխատեսելիությունն ու ոչ ստանդարտ քայլերով հանդես գալու ունակությունը, շատ կարճ ժամանակ պետք կգա` ականատեսը լինելու, որ պետության հասարակական և քաղաքական էլիտան ինքնստինքյան հաշիվ է նստել այդ հոսանքի գոյության հետ:
Վերջին հաշվով, հասկանալի կլինի, եթե երկիրը կանգնի անխուսափելի համակարգային բեկման եզրին` բեկումն իրագործելու պատվախնդրությունը այդ հոսանքի թիկունքին դրած…
Անկախությունից ի վեր հասարակական հարաբերությունների կարգավորման ինստիտուտների տոտալ դեֆորմացիաների լույսի ներքո, երբ պետության զարգացման ընթացքը, մեծ հաշվով, դրված է հիմնարար հարցերի լուծումից խուսափելու տրամաբանության հիմքում, նոր պատկերացումներով հանդես գալու և նոր լուծումներ առաջադրելու պահվածքը դառնում է պարտադրված անհրաժեշտություն:
Այլ խնդիր է, թե այդ հոսանքը գաղափարաքաղաքական ինչ հայեցակարգ կիջեցնի հրապարակ և լուծման ինչպիսի միջոցներ ու մեթոդներ կնախանշի:
Հասարակությունն այսօր այդ հոսանքից սպասում է առաջին հերթին ձևակերպել Հայաստանի ունիվերսալ զարգացման ֆորմուլան, որն իր մեջ, անշուշտ, ներառում է նաև Արցախի հարցը:
Եվ ակնհայտ է, որ նման ռազմավարական հարցերի լուծման հիմքում նախևառաջ պետք է դնել իրավունքի գերակայության հիման վրա սահմանադրական կարգի աբողջական գործադրմամբ պետության կառուցման հարցը:
Ակնհայտ է նաև, որ այդ հոսանքի առաքելությունը միտված է լինելու Հայաստանի ունեցած դերի միջոցով տարածաշրջանում բալանս փոխելուն, որի առարկայական դեմքն արտահայտվելու է հրաժարումը 'Մշտական թշնամի, հավերժական ֆորպոստ' իրեն ու Հայաստանի ռեսուրսները սպառած բանաձևից:
Հակառակ պարագայում, Հայաստանում ոչ միայն պրոգրեսիվ գործընթաց տեղի չի կարող ունենալ, այլև հակառակը` հետընթաց պրոցեսը կդառնա պետականության մսխման քաղաքականության անկյունաքար` իր չարագուշակ վերջաբանով հանդերձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել