Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարավոնի առաջ ջանա՛ անել բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տվել եմ քո ձեռքը։ Ես խստասիրտ կդարձնեմ փարավոնին, և նա ազատ չի արձակի ժողովրդին։ Դու կասես փարավոնին. «Այսպես է ասում Տերը. իմ անդրանիկ որդին Իսրայելն է։ Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս ազատ արձակել նրան, այդ դեպքում ես կսպանեմ քո անդրանիկ որդուն»։ Ճանապարհին, իջևանում, Մովսեսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։ Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն և հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարվեց իմ մանկան թլփատության կարգը»։ Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թե՝ «Կատարվեց իմ մանկան թլփատության կարգը»։ Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին ընդառաջ»։ Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրա ու համբուրեց նրան։ Մովսեսն Ահարոնին հայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատվիրել էր իրեն կատարել։ Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին իսրայելացիների ամբողջ ծերակույտը։ Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տերը հայտնել էր Մովսեսին, և Մովսեսը նշաններ գործեց ժողովրդի առաջ։ Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է իսրայելացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։

Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատվին տոն կատարի անապատում»։ Փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայելացիներին։ Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում և իսրայելացիներին էլ չեմ արձակում»։ Նրան ասացին. «Եբրայեցիների Աստվածն է կանչել մեզ իր մոտ։ Արդ, երեք օրվա ճանապարհ պիտի գնանք անապատով, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, այլապես մեզ մահ կամ սպանություն է սպասում»։
(Գիրք Ելից 4:21-5:3)

Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի,կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա։ Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղեմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակվի, և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրա՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։
(Զաքարիայի մարգարեություն 9:9-10)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել