Մամիկոնյանների վերաբերյալ ուսումնասիրողների կարծիքները ծայրահեղ հակասական են: Հիմնականում տիրապետում էր այն թյուր կարծիքը, թե այս տոհմը ունի չինական ծագում: Խորենացու հաղորդած տվյալների կամայական ու միակողմանի ընկալումը միշտ էլ հեշտ միջոց է եղել` ապացուցելու համար, թե այս տոհմն օտարածին էր: Մամիկոնյաններին նույնիսկ թյուրքական ծագում են տվել: Այնինչ, ամենևիվ էլ հարկ չկա հեռու գնալ, երբ այդ տոհմի արմատները Հայքում են. այո, Մամիկոնյանները մեկն էին այն հայոց բնիկ, հինավուրց տոհմերից և հարյուրամյակներ շարունակ իշխել են Տայքում, Խաղտիքում, Ճաների երկրում: Ուշադրություն դարձնենք խեթական արձանագրություններում նշվող «amamikuni» բառի վրա, որն ունեցել է «ռազմական գերագույն», «գլխավոր հրամանատար» իմաստը: Միայն այս փաստն արդեն բավական է` հերքելու համար Մամիկոնյանների եկվորության վարկածը: Ոչ պակաս ուշագրավ է և այն տեղեկությունը, որ Տիգրան Մեծի օրոք Տիգրանակերտի կայազորի հրամանատարն էր Մամիկը:
Տիգրանակերտի պաշտպանությունը ստանձնած զորավարի Մանկայոս անունը համապատասխանացնելով Մամիկին` Ադոնցը կարծում է, որ Մամիկոնյանների տոհմի սկզբնավորումը կարելի է ետ տանել մինչև Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Ինչ վերաբերում է Խորենացու հաղորդած ավանդությանը, ապա, ըստ Ադոնցի, նախապես նկատի է առնվել ոչ թե հեռավոր Չինաստանը, այլ` Տայքին սահմանակից Պարխարյան լեռներից հյուսիս ձգվող Ճանիքը: Իրենց դյուրաբորբոք խառնվածքով, անսովոր քաջությամբ և ռազմատենչությամբ Մամիկոնյաններն, ըստ նրա, առավել նման են ճաներին, այլ ոչ թե խաղաղասեր չինացիներին: Լեոն իր հերթին համոզմունք է հայտնում, թե Մամիկոնյանները սերում են հաբեթական ծագում ունեցող ճաներից:
 Անգամ ճաների երկրի կամ ճանիքի անվան շահարկումն ունի հոգեբանական պատճառներ: Այն շրջանառության մեջ դրվեց և զարգացավ Խորենացու նշած «ճենազն Մամգունի» ոչ թե չինական, այլ ճենական ծագումն ապացուցելու համար: Բնականաբար, սահմանակից լինելով Ճանիքին` Տայքը բավականաչափ ընդհանրություններ և առնչություններ կարող էր ունենալ նրա հետ: Այս առումով ուշագրավ է, որ Պարխարի ողջ սարահարթն ու Գայլ և Ճորոխ գետերի հովիտը զբաղեցնող Ճանիքը հնագույն ժամանակներից ներգրավված է եղել «Խալդիա» անվամբ հայտնի հայկական ռազմա-քաղաքական միության մեջ: Ամենևին չի բացառվում Մամիկոնյանների առնչությունները ճաների հետ, որ հնագույն ժամանակներում կարող էր և արտահայտվել խնամիական կապերի տեսքով: Սակայն, փնտրել նրանց արմատները Ճանիքում այն դեպքում, երբ Հայկական լեռնաշխարհում բավականին շատ են Մամիկոնյանների նախնիների հետքերը, ավելորդ է: Այս տոհմին հատուկ Մամիկ անունը կարող է ստուգաբանվել «տոհմի հայր», իմաստով, որը հետագայում վեր է ածվել տոհմական ազգանվան: Սրա արձագանքը կարող էր լինել և այն ավանդույթը, թե Մամիկոնյանները ծագել են Մամիկից: Մեր պատմիչների մոտ Մամիկոնյան տիրույթները տարբեր են, նրանք իշխում են մեկ Տարոնին, մեկ Տայքին: Իրականում այստեղ հակասական ոչինչ չկա: Մամիկոնյան բուն տոհմը հաստատված է եղել Տայքում, և մինչև վերջ էլ, այսինքն՝ մինչև այս տան վախճանը, Տայքը եղել է նրանց հայրենական բուն օրրանը: Այստեղ նրանց կենտրոնը Էրախանի ամրոցն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել