Անտարեսի ղեկավարի հետ հարցազրույցն եմ կարդում:
Ինչ-որ բաների հետ համաձայն եմ, բայց ընդհանուր ԵԵՉ-իզմը ասածների մեջ շատ է: նեգատիվը:
Բացի այդ, ինքն իրեն հակասում է՝ մի տեղ, որ ասում է, թե Հովիկ Աբրահամյանը գովազդեց Վահան Հովհաննիսյանի գիրքը, մյուս տեղում համեմատում է Սերժի՝ Գեղամյանի գրքի շնորհանդեսին գնալու հետ: Արդյունքում՝ առաջինում Վ Հովհաննիսյանի գիրքն առան, երկրորդ դեպքում՝ ես խիստ կասկածում եմ, որ Գեղամյանի գիրքը մեկնումեկը կառնի: Էդ մաքսիմում պատժելու համար կարելի է ինչ-որ մեկին տալ ու ստիպել կարդալ-պատմել:
Վահան Հովհաննիսյանի գիրքը ես էլ եմ առել, չնայած դեռ չեմ հասցրել կարդալ: Բայց ամենևին ոչ որ՛տև էսօրվա վ-պետն է դրա մասին խոսել (ես սկի չեմ էլ լսել): Ու վստահ եմ, որ էսօրվա վ-պետն էլ ոչ մի կարդալու ու գրականության սիրահար մարդու մոտ էդքան հեղինակություն չունի, որ իր ասելով գիրք առնեն: Էստեղ խնդիրը Վահան Հովհաննիսյանի անձն է: Ես իրեն երբեք չեմ սիրել, բայց ինձ հետաքրքրել է՝ ինքը ինչ որակի գրող կարող էր լինել: Ու ըստ իս շատերն են իրեն բացասական վերաբերվել, բայց ընդունել, որ նա ինտելեկտով մարդ է, հետևաբար կարող էին գնած լինել իր գրած գիրքը:
Մյուս կողմից էլ, ես՝ որպես շատ կանոնավոր կերպով ու ամսվա կտրվածքով ահագին քանակի գիրք առնող, ուրախությամբ նկատում եմ, որ շատ գրքեր են տպագրվում, թարգմանակա՛նն էլ, մե՛րն էլ: Ու Անտարեսը միակը չի: Կարգին գրականություն հրատարակող կարգին ընկերություններ կան: Հա, ամեն անգամ տպագրության քանակը տեսնելով, նեղվում եմ, բայց դե հիմա: Համենայն դեպս, գրատպության ոլորտում հավես ու դրական շարժ կա, ու էս մարդը՝ որպես էդ ոլորտում ոչ միայն անմիջապես ներառված, այլև լուրջ մասնակցություն ունեցող մեկը, ինձնից լավ գիտի սա:
Բայց ես ամենաշատը չհասկացա, թե ինչի են իրենք գրքերը տանում սուպերմարկետներում ուզում դնել, հետո էլ նեղվում, թե երշիկի հետ են համեմատել: Կներեք, մսյո՛, բայց գիրքը սուպերմարկետ տանելով, ինքներդ եք այն իջեցնում երշիկի մակարդակի կամ լֆիկի քաշած վիսկիի: Օպերայի տոմսարկղն էլ ըստ իս լավագույն տարբերակը չի, բայց դե իրենց գործն է, որտեղ կարողանում են, թող վաճառեն: Դրանից վնաս չկա: Սակայն ի՞նչ կապ ունի սուպերմարկետը գրքի ու գրականության հետ: Ու պահանջկոտությունից է խոսում, հա, եկեք, օրինակ, նախաձեռնեք հին գրախանութների վերականգնում կամ ֆանտաստիկայի ժանրից նման մի ակցիա, գամ՝ որպես քաղաքացի մասնակցեմ, կռիվ տամ: Սուպերմարկետների հետ ի՞նչ գործ ունեք:
Հա, ու անընդհատ էդ «Քթոցի» մասին են խոսում: Ես էն Դաթո Տուրաշվիլու սուպերմիջակ վեպից հետո որոշել էի որոշ ժամանակ չգնել վրացական գրականություն, բայց մի հատ պիտի առնեմ, տեսնեմ՝ էդ ինչ է, որ բոլորն էդքան հիացած են խոսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել