ctc_03_img06451944 թվականին ԽՍՀՄ-ը կրկին օկուպացրեց Մերձբալթյան տարածաշրջանը: Լիտվան Սովետական օկուպացիային ամենակազմակերպված դիմադրությունը ցույց տված երկիրն է: Երկրի անկախության վերականգման նպատակը ստիպեց լիտվացի ժողովրդին ոտքի կանգնել:

1944-47  թթ. ԽՍՀՄ-ի դեմ փաստացի կանոնավոր բանակ էր կռվում: Նրանք հաճախ բացահայտ առճակատման էին գնում, սակայն ստիպված էին փոխել իրենց մարտավարությունը և պարտիզանական պայքարի անցնել: Մերձբալթյան տարածաշրջանում, մասնավորապես Լիտվայում, պարտիզանական խմբերին «Անտառային եղբայրներ» էին կոչում: Հետագայում տարատեսակ կռվող խմբերի թիվն ավելացավ:

ԽՍՀՄ-ի կողմից կրկին օկուպացիայի ենթարկվելուց հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ հեռացան դեպի անտառներ և պարտիզանական պայքարի ուղի բռնեցին: Անտառներում հավաքված մարդիկ կանոնավոր խմբեր ստեղծեցին: Նրանք անտառներում հարյուրավոր փորված բունկերներ ունեին:

Այդ շրջանում պարտիզանական լայնամասշտաբ շարժումեր սկսվեցին և թափ հավաքեցին:Անհավասար պայքար էր մղվում: 1944-45 թթ. լիտվական անտառներում շուրջ 30 հազար պարտիզան կար, որոնք կենաց-մահու կռիվ էին մղում սովետական ՆԿՎԴ-ի կանոնավոր զորամիավորումների դեմ: Կռվող պարտիզանական շարքերում մարտական ոգին բավականին բարձր էր, քանի որ սովետական զավթիչների դեմ պայքարում լիտվացի ժողովուրդը միասնական էր: Կռվողները նաև լուրջ հույսեր էին փայփայում արևմուտքից սպասվող օգնության հետ կապված: 1944-45 թթ.  առկա պարտիզաններից սկսվեցին ձևավորվել 2-3 հարյուր հոգանոց բազմաթիվ խմբեր, որոնք դիրքային ռազմական գործողություններ էին իրականացնում սովետական զավթիչների դեմ: Այդ անհավասար մարտերում, սակայն, նրանք հաճախ կարողանում էին որոշակի դիրքեր գրավել: Այդ շրջանում խոշոր քաղաքներում ակտիվ ընդհատակյա խմբեր էին ձևավորվել, որոնք բնակչության շրջանում հակասովետական ագիտացիա էին կատարում:

1944 թվականի աշնանը պարտիզանական խմբերը սկսեցին կազմակերպված բնույթ ստանալ: Դա, մասնավորապես, վերաբերում էր ֆաշիստական օկուպացիայի ժամանակ ստեղծված «Լիտվական ազատության բանակ» պարտիզանական կառույցին:

Արդեն 1946 թվականին Լիտվայում գործում էր շուրջ 7 պարտիզանական խմբավորում, որոնցից ամենահայտնիներն էին «Քյաստուտիսը», «Վիտիսը», «Մեծ պայքարը»: Հետագայում նրանց թիվը հասավ 9-ի: 1945 թվականին խորհրդային օկուպանտները հայտարարեցին «Համաներման» մասին: Նրանք կոչ էին անում պարտիզաններին հանձնվել՝ խոստանալով, որ հետապնդումներ չեն լինի: Պարտիզանների որոշ մասը հանձնվեց, սակայն իշխանությունները, դրժելով իրենց տված խոստումը, զգալի մասին բանտարկեցին:

Ընդհանրապես, պարտիզանական շարժման ժամանակ չեկիստները լիտվական համայնքներում պատժիչ գործողություններ էին իրականացնում, մասնավորապես, խաղաղ բնակիչների շրջանում: Տարբեր տվյալներով՝ 1944-45 թթ. վերջիններիս կողմից շուրջ 12 հազար մարդ սպանվեց: Հետագայում Լիտվայում սովետական բռնաճնշումների զոհերի թիվը հասավ 50 հազարի:

1945-52  թթ.  բնակչության արտաքսման գործընթացը սկսվեց: Մարդկանց իրենց ընտանիքների հետ միասին Սիբիր էին աքսորում: Այդ տարիներին արտաքսվածների թիվն անցնում էր 130 հազարը: Նրանցից շատերն աքսորի ճանապարհին մահանում էին:

1946 թվականին երկրում արդեն պարտիզանական մի քանի համայնքներ էին գործում, որոնք լուրջ ենթակառուցվածքներ ունեին: Ի հակադրում դրա՝ չեկիստներն ուժեղացրեցին և ընդլայնեցին իրենց գործակալական ցանցը: Նրանք հեշտորեն կարողանում էին սեփական մարդկանց ներդնել տարատեսակ պարտիզանական խմբերում և ստանալ իրենց անհրաժեշտ տեղկատվությունը:

Այդ շրջանում պարտիզանական շարժման ժամանակ որոշակիորեն փոխվում է պայքարի ռազմավարությունը: Պարտիզանները խուսափում են դեմ առ դեմ բաց մարտերից և ուժեղացնում ու ընդլայնում են անտառներում տեղակայված իրենց բունկերների քանակը: Միաժամանակ նաև միմյանց միջև կապն են ուժեղացնում: Պարտիզանները փորձում էին խափանել տեղական ընտրությունների գործընթացը կամ ադմինիստրացիաների աշխատանքը: Նրանք հարձակումներ էին գործում սովետական ակտիվիստների վրա, ինչպես նաև բնակչության շրջանում թռուցիկներ բաժանում:

1946-47 թթ. պարտիզանական շրջանակներում շուրջ 80 ընդհատակյա հրատարակչություն էր գործում, որոնք սկզբնական շրջանում շուրջ 2-3 հարյուր ամսագրեր էին տպում, սակայն հետագայում դրանց թիվը հասավ շուրջ 2 հազարի: Սա պայքարի կարևոր զենքերից էր, քանի որ այն հնարավորություն էր տալիս սեփական մտքերը և գաղափարները տարածել հասարակության շրջանում:

Պարտիզաններն այդ շրջանում ձգտում էին կապ հաստատել արևմուտքի հետ: Նրանք հույս ունեին այդտեղից որոշակի օգնություն ստանալ: 1947 թվականի դեկտեմբերին պարտիզանական խմբերի առաջնորդներից Յուրգիս Կրիկշյունասը և Յուզաս Լուկշան մեկնեցին Եվրոպա: Նրանք իրենց հետ վերցրել էին Լիտվայում իրականացվող սովետական տեռորի առկա փաստացի ապացույցները: Արևմտյան դիվանագետները ծանոթացան բազմաթիվ փաստաթղթերի բովանդակության հետ: Վերջիններս վկայում էին սովետական զինվորների կողմից կատարված գազանությունների մասին, ինչպես նաև հստակ տեղեկություններ էին տալիս գնդակահարվածների և տեղահանվածների թվի մասին: 1948 թվականի փետրվարին Մինայչայ գյուղի բունկերներից մեկում պարտիզանական ջոկատների հրամանատարների համաժողով տեղի ունեցավ, որի ընթացքում որոշում կայացվեց «Պայքար Լիտվայի ազատության համար շարժում» կազմակերպություն ստեղծելու մասին: Այն բավականին լուրջ կառույց էր: Այստեղ հատուկ խմբեր կային, որոնք զբաղվում էին ռազմավարության մշակմամբ, ինչպես նաև գործում էր քաղաքական թև, որը մշակում էր երկրի ապագային վերաբերող իրենց իսկ տեսլականը: Նույնիսկ կային մարդիկ, որոնք նոր կառավարությունում պետք է որոշակի պաշտոններ զբաղեցնեին: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հզոր միավորումը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը:

Պարտիզանական շարժումը Լիտվայում անկում էր ապրում: Սովետական ՆԿՎԴ-ի խմբերի մասշտաբային տեռորը պարտիզաններին ողջ մնալու որևէ հնարավորություն չէր թողնում: Բացի այն, որ սովետական ՆԿՎԴ-ի զինվորները կարողանում էին հայտնաբերել և ոչնչացնել պատիզաններին, նաև պարտիզանական շարքերում առկա էր տարանջատումներ և միասնականության պակաս: Այն մարդիկ, որոնց խորհրդային գործակալները ձերբակալում այնուհետև ինչ-ինչ նպատակներով բաց էին թողնում այլևս վստահություն չէին վայելում պարտիզանական շարքերում: Այդ ամենը և փոխադարձ անվստահության մթնոլորտը կռվող խմբերում պառակտումներ էր առաջացնում: Արդեն 1950-ականներին պարտիզականան հազարավոր կռվողներից մնացել էր ընդամենը մի քանի հարյուրը, իսկ 1969 թվականին սովետական գործակալների կողմից ոչնչացվեց վերջին պարտիզանը` Կոստաս Ժվայնիսը:

Լիտվական պարտիզանական շարժումը, որը տևել է շուրջ 10 տարի տվյալ ժամանակաշրջանում այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունն էր: Այն իր շարքերում ընդգրկել էր հարյուր հազարավոր մարդկանց: Պարտիզանական շարժման անկումից հետո 1970-80 թթ.  սկսված լիտվական հասարակությունը մշակեց պայքարի նոր ձևեր:

1960-80թթ երիտասարդությունը Լիտվայի հասարակական կյանքի հիմնական շարժիչ ուժն էր, որը խստորեն դատապարտում էր երկրում հաստատված սովետական ռեժիմը: Այդ շրջանում Լիտվայում ուսանողները հիմնում էին ընդհատակյա ուսանողական միություններ, որոնք հակակոմունիստական ուղղվածություն ունեին: Վերջիններիս նպատակը սեփական երկրի անկախությունը վերականգնելն էր:  Այդպիսի կառույցներից մեկը 1958 թվականին Վիլնյուսում ստեղծված «Ազատ Լիտվա» ուսանողական միությունն էր, որը սակայն 1961 թվականին գաղտնազերծվեց սովետական ԿԳԲ-ի կողմից, և ուսանողական միության 5 առաջնորդները երկար տարիների կալանավորման դատապատվեցին: Ակտիվ ուսանողներն այդ շրջանում խմբեր էին կազմում և հիմնականում գործում էին ընդհատակում: Նրանք տարածում էին «հակասովետական» ագիտացիոն թռուցիկներ: Ուսանողական այդպիսի խմբերից մեկի հիմնադիրը կոնսերվատորիայի ուսանող Յոնաս Վոլունգյավիչյուսն էր: Այդ ժամանակ երկրում արդեն շուրջ 70 ակտիվ ուսանողական խմբեր էին ձևավորվել, որոնց անդամների թիվը հասնում էր 700-ի: Օկուպացված Լիտվայի ուսանողներն ամեն տարվա նոյեմբերին նշում էին «Վելինեսը»: Այդ հիշատակի միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր իրենց երկրի հերոսական անցյալ ունեցող անցավորների պատվին: 1956 թ. նոյեմբերի սկզբին Վիլնյուսի և Կաունասի ուսանողությունը ոգեշնչված նույն օրերին Հունգարիայի ուսանողների պայքարից հիշատակի միջոցառումների ժամանակ սկսեց բացականչել «Կեցցե՜ Հունգարիան», «Կեցցե՜ ազատությունը», «Կորչի՛ Մոսկվան»: Տարերային ցույցերի մասնակիցները ոստիկանների և զինվորական ուժերի կողմից դաժան բռնությունների ենթարկվեցին: Բազմաթիվ ուսանողներ ձերբակալվեցին:

1956 թվականին Լիտվայում տեղի ունեցած իրադարձությունների մասին արևմտյան մամուլի շնորհիվ իմացավ ամբողջ աշխարհը: Սովետական օկուպացիայի դեմ ուսանողական ընդվզումները կրում էին նաև անհատական բնույթ: 1972 թ. մայիսի 14-ին Կաունասի երաժշտական թատրոնի մոտակայքում 19-ամյա ուսանող Ռոմաս Քալանթան «Հանուն Լիտվայի» արտահայտությունը բացականչելով ինքնահրկիզվեց այդպիսով իր բողոքն արտահայտելով: Երիտասարդի օրագրում հայտնվել էին հետևյալ տողերը «Ի՞նչ իմաստ ունի ապրել: Ապրե՞լ նրա համար, որ այս համակարգը սպանի՞ ինձ: Ավելի լավ է ես ինքս անեմ դա: Այստեղ երբեք չի լինի ազատություն: Ազատություն բառը նույնիսկ արգելված է այստեղ: Իմ մահվան մեջ մեղավոր է միայն համակարգը»: Քալանթարի ինքնահրկիզումը հուզումներ առաջացրեց Կաունասում: Տեղական ԿԳԲ-ն փորձեց մայիսի 18-ին մի քանի ժամով արագացնել երիտասարդի հուղարկավորության արարողությունը, որպեսզի կանխարգելի ուսանողական ընդվզումները: Նրանք, նույնիսկ, ի հեճուկս երիտասարդի հարազատների ցանկության, հուղարկավարության վայրը փոխեցին:

Soviet Occipation. Lithuenia 2

Այնուամենայնիվ, սովետական ԿԳԲ-ի այս արարքն էլ ավելի գրգռեց երիտասարդությանը: Մայիսի 18-19 ուսանողական ընդզվումներ սկսվեցին ամբողջ երկրի մասշտաբով: Ուսանողները բացականչում էին «Օկուպանտնե՛ր, դո՛ւրս Լիտվայից», «Կեցցե՜ ազատությունը»: Իշխանությունը, բնականաբար, ուժ կիրառեց: Ներքին զորքերի և ուսանողների միջև լուրջ բախումներ սկսվեցին: Ուսանողները  Կաունասում պաշտպանվում էին ոստիկանական մեքենաները և ավտոբուսները բարիկադների վերածելով: Այնուամենայնիվ, իշխանությունը կարողացավ բիրտ մեթոդներով ճնշել ուսանողների զայրույթը: Շուրջ 3 հազար ուսանողներից հարյուրավորները հայտվնեցին բանտերում: Պաշտոնական քարոզչությունը Քալանթային ներկայացնում էր որպես հոգեկան խնդիրներ ունեցող և անմեղսունակ անձ: Նրա հարազատներին արգելված էր երիտասարդի գերեզմանին հուշակոթող տեղադրել: Այնուամենայնիվ, լիտվացիները յուրաքանչյուր տարվա մայիսի 14-ին փորձում էին հիշատակի միջոցառումներ իրականացնել: Դա հատկապես վերաբերում էր արտասահմանում բնակվող լիտվացիներին: Միայն 1990 թ. դեկտեմբերի 27-ին՝ անկախության վերականգնումից հետո, հատուկ հրամանագրով Քալանթայի գերեզմանը հռչակվեց որպես «պատմական հուշակոթող», իսկ 2000 թվականին նախագահ Վալդաս Ադամկուսի կողմից Քալանթան հետմահու առաջին աստիճանի Վիտիսի խաչով պարգևատրվեց:

Այդ շրջանում սովետական իշխանությունների կողմից  հետապնդումների էր ենթարկվում նաև կաթոլիկ եկեղեցին: Խստորեն վատացել էր եկեղեցու նյութական վիճակը: Սահմանափակվել էին եկեղեցական հովվապետերի լիազորությունները: Կաթոլիկ եկեղեցու դիմադրությունը սովետական ռեժիմին ակտիվացավ 1965-66 թթ, երբ եկեղեցականները սկսեցին գաղտնի ժողովներ գումարել, որտեղ քննարկվում էր սովետական իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը: 1968-74 թթ. լիտվական եկեղեցական սպասավորները 21 կետից բաղկացած մի փաստաթղթի շուրջ ստորագրահավաք իրականցրին, որն ուղղված էր հովվապետական գործունեության սահմանափակման և կաթոլիկ եկեղեցու հալածանքների դեմ: Շուրջ 17 հազար լիտվացի ստորագրեց այդ փաստաթղթի տակ: Լիտվացիներն այդ շրջանում եկեղեցի էին այցելում և ավելին՝ իրենց հետ նույնիսկ սեփական երեխաներին էին տանում: Դա սովետական օրենքների կոպտագույն խախտում էր: Սովետական օկուպացիոն ռեժիմը եկեղեցու հանդեպ հալածանքները խստացրեց: 1958-61 թթ. երկրից մի քանի եպիսկոպոս արտաքսվեց, իսկ եղեկացական սպասավորներ Պրոսպերաս Բուբնիսը, Անաստաս Շյաշկավիչյուսը և Յուզաս Զդյաբսկիսը 1970-71 թթ. բանտ նետվեցին:

1969 թվականին ձևավորվեց «Եվխարիստայի ընկերների շարժում» նախաձեռնությունը, որը բացի այն, որ զբաղվում էր հավատացյալների իրավունքների պաշտպանությամբ, նաև ակտիվ էր քաղաքական դատավարությունների ժամանակ: Այս նախաձեռնության անդամները բնակչության շրջանում պարբերաբար զրույցներ էին ունենում ձգտելով բարձրացնել մարդկանց հայրենասիրական ոգին:

Իշխանությունների հետ կոնֆրոնտացիան ավելի ուժգնացավ այն բանից հետո, երբ Լիտվայում սկսվեցին ստեղծվել ընդհատակյա հոգևոր միաբանություններ: Իշխանությունները լրջագույն ջանքեր էին ներդնում, որպեսզի այդ միաբանությունների անդամների թիվը չավելանար: Ոմանց ձերբակալում էին, ոմանց ԿԳԲ-ն կարողանում էր «Ինստրուկտաժի» ենթարկել: 1972 թվականից սկսած լույս է տեսնում «Լիտվական կաթոլիկե եկեղեցու խրոնիկա» ընդհատակյա ամսագիրը: Ամսագրում տեղ էին գտնում եկեղեցական խնդիրները, հավատացյալների խնդիրները, քաղբանտակյալների և մարդու իրավունքների հարցերը: Ամսագիրը լայն տարածում ուներ բնակչության շրջանում: Այն կարողանում էր հույս տալ հուսահատվածներին և հավատ սերմանել ազատության հաղթանակի հանդեպ: Միաժամանակ նաև այն մարդկանց տեղյակ էր պահում երկրում կատարվող հասարակական անցուդարձի մասին: 1978 թվականին ստեղծվեց «Հավատացյալների իրավունքների պաշտպանության կաթոլիկե կոմիտեն»: Ստեղծողների թվում էին Յոնաս Կաունյացկասը, Ալֆոնսաս Սվարինսկասը, Վինցենտաս Վելավիչյուսը Սիգիտաս Տամկյավիչուսը  և ազատության մեջ հայտնված Յուզաս Զդյաբսկիսը: Այս եկեղեցականներից մի քանիսը նաև «Լիտվական կաթոլիկե եկեղեցու խրոնիկայի» հիմնադիրներն էին: Հետագայում նրանցից Սիգիտաս Տամկյավիչուսը, Ալֆոնսաս Սվարինսկասը ամսագրի տպագրման մեղադրանքով դատապարտվեցին և համակենտրոնացման ճամբարներ ուղարկվեցին: 1976 թ. նոյեմբերի 25-ին երկրում սկսեց գործել «Լիտվայի Հելսինկյան կոմիտեյի» գրասենյակը: Կոմիտեյի հիմնադիրներից էին նախկին քաղբանտարկյալ Վիկտորաս Պյատկուսը, եկեղեցական Կարոլիս Գարուցկասը, ֆիզիկոս Էյտան Ֆիլկենշտեյնը, արվեստագետ և նախկին քաղբանտարկյալ Անա Լուկաուսկայտեն և այլք: Այն զբաղվում էր հետապնդումների զոհ դարձածների իրավունքների պաշտպանությամբ և ամրագրում էր համատարած խախտումները, ինչպես նաև  դրանք փաստաթղթերի տեսքով ուղարկում արևմտյան միջազգային կառույցներին: Արդեն 1981 թվականին նրանք պատրաստել էին շուրջ 30 զեկույց, որտեղ ներառված էին խղճի ազատության դեմ հալածանքները, մարդու իրավունքների համատարած խախտումները, ինչպես նաև քաղբանտարկյալների թվի ավելացումը և հոգեբուժական կլինիկաները որպես քաղաքական հալածանքի միջոց կիրառելը: Իշխանությունները, բնականաբար, իրենց հարազատ մեթոդներն օգտագործելուն անցան: Արդեն 1977 թվականին կրկին ձերբակալվեց կոմիտեյի հիմնադիրներից նախկին քաղբանտարկյալ Վիկտորաս Պյատկուսը, իսկ 1980-81 թթ. ձերբակալվեցին անդամներ Ալգիդրաս Ստատկյավիչուսը, Մյաչիսլովաս Յուրյավիչուսը և Վիտաուտաս Վայչյունասը:

Այդ շրջանում երկրում սկսեց գործել նաև «Լիտվայի ազատության լիգա» հասարակական միավորումը, որը, ի տարբերություն այլ կազմակերպությունների, առավել ծայրահեղ էր տրամադրված սոցիալիստական համակարգի հանդեպ: Այն սկսեց գործել 1978 հունիսի 15-ից: Հիմնադիրներից մեկն Անտանաս Տրյալյցկասն էր: Հասարակական միավորման նպատակը հասարակության շրջանում Լիտվայի անկախության մասին քննարկումներին զարկ տալն էր, ինչպես նաև այդ հարցի բարձրացումը տարբեր միջազգային ֆորումներում: Նրա կարևորագույն ուղղություններից մեկը 1939 թվականին կնքված Մոլոտով-Ռիբենտրապ պակտի գաղտնի մասերի հրապարակմանը հասնելն էր: 1979 թվականին նրանց կողմից մի փաստաթուղթ հրապարակվեց, որը կոչվեց «Բարոյական վերջնագիր ուղղված ԽՍՀՄ-ին»: Այն ուղարկվեց նաև Գերմանիայի Դաշնային և Ժողովրդավարական Հանրապետությունների կառավարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ին:

Փաստաթղթում, որի տակ բազմաթիվ դիսիդենտներ և հասարակական գործիչներ էին ստորագրել, նշվում էր այն հանցագործությունները, որոնք ԽՍՀՄ օկուպացիայից հետո կատարվել են Մերձբալթյան երկրներում: Նաև կար պահանջ չեղյալ հայտարարել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, և Լիտվային հետ վերադարձնել իրենից կորսված անկախությունը:

Իշխանությունների արձագանքը չուշացավ. 1979-80 թթ. ձերբակալվեցին միավորման անդամներից Յուլյուս Սասնաուսկասը և Անտանաս Տրյալյցկասը: «Լիտվայի ազատության լիգայի» գործունեությունը դադարեցվեց մինչև 1987 թվականը: 1970-80 թվականների իրադարձությունները և հասարակական կյանքի ակտիվացումը, ընդամենը, հետագա իրադարձությունների նախերգանքն էին: Արդեն 1980-ականների վերջին Լիտվայի հասարակության շրջանում հստակորեն սկսեց ուրվագծվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու և սեփական երկրի անկախությունը վերականգնելու միտումը:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել