Այսպես է ասում Տեր Աստված իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առաջ դռները, և քաղաքները չփակվեն։ Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։ Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը, որը կանչեց քո անունը։ Իմ Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տէր Աստվածը, և չկա մեկ ուրիշը։ Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա։Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տեր Աստվածը, որ կատարում եմ այս ամենը։ Երկինքը թող ուրախ լինի վերուստ, և ամպերը արդարություն ցողեն, թող երկիրը ողորմություն բխեցնի, լիովին արդարություն թող բխեցնի։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ»։
Մի՞թե նա, որ հողն է հերկում, ամեն օր հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել, թե՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե՝ ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ։ Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։
Այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցնում եք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվեր եք տալիս ինձ։ Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրավ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։ Ես արդարությամբ նրան թագավոր հաստատեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի՝ առանց կաշառքի և առանց ընծաների»։
(Գիրք Եսայի մարգարեի 45:1-13)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել