Ամեն անգամ ցավով եմ հետևում, թե ինչպես է հերթական նորահայտ աստղը կործանվում՝ դեռ իր հաջողության պտուղները ինչպես հարկն է չվայելած։ Նրանք ծնվում են մեր աչքի առաջ, աճում մեր աչքի առաջ ու եթե անձնական որակները թույլ են, կործանվում ու կորում են նույն արագությամբ։
 
Երկու չափազանցեցված գովեստի խոսք, երկու լայն ժպիտ, «աստղի» հետ նկարվելու երկու ամաչկոտ խնդրանք ու կան բոլոր նախապայմանները, որ «աստղը» մեծամտանա, իրեն բոլորից ու ամենքից՝ անգամ իրեն ստեղծողներից բարձր համարի։
 
Գայթակղությունը իսկապես մեծ է․․․ ու միայն նրանք, ովքեր իսկապես ուժեղ են, կամային են ու տեսակով ամուր, կարողանում են այդ փորձությունների միջով պատվով անցնել ու իրենց մարդ տեսակը անկախ հայտնիության աստիճանից պահպանել ու առաջ շարժվել։

Ո՞վ է մեղավորը դեղնակտուց «աստղերի» թիթեռի կարճ կյանքի։ Միայն «աստղե՞րը»։ Չեմ կարծում։
 
Մեղավոր են առաջին հերթին լրատվամիջոցները, որ նրանց այդքան արագ հայտնի են սարքում ու դեղնակտուց տղաներն ու աղջիկները մի առավոտ արթանանում են «աստղ» դարձած։
 
Մեղավոր են հեռուստաալիքները, որ այլևս մոդայիկ չեն համարում դերասանական կրթություն պահանջելը ու ամեն պատահած 18 տարեկանին եթեր են մտցնում։
 
Մեղավոր է հանրությունը, որ ամեն սերիալում երևացածին ճոռոմ «աստղ» բառով է կոչում ու նպաստում, որ նա մեծամտանա։
 
Ու երբ այս պայմաններում Երևանի ամենասովորական սրճարանի ամենասովորական մատուցողուհի Աննա Գրիգորյանը հայտնվում է եթերում ու միլիոնավոր աչքեր նրա վրա են ուղղվում, շատ բան նրանից սպասել պետք չէ։
Անընդհատ լսում եմ, որ Աննան փոխվել է, կոպտում է բոլորին, լրատվամիջոցների զանգերին չի պատասխանում, արհամարհում է մարդկանց ու իրեն մեծ աստղ է երևակայում։ Սկզբում չէի հավատում, հետո հասկացա, որ ճիշտ են ասում, բայց ոչինչ փոխել չի կարելի։ Բայց ախր էդպես չի կարելի․․․ էդպես սխալ է․․․ անմարդկային․․․
 
Խնդրում եմ, հայտնի մի դարձրեք դեղնակտուցներին։ Նրանք դրան պարզապես պատրաստ չեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել