Ծանոթանալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին՝ ուզում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումները և գնահատականները:

Սկսեմ նրանից, որ հանրությանն ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ: Ընդ որում` այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են:

Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձևավորմանը: Ակնհայտ է, որ բոլոր շրջանակների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր և դժգոհություններ:

Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու և ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար:

Առաջարկներս հետևյալն են.

Առաջին, ապահովել ընտրողների մատնահետքերով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում` բացառելու կրկնաքվեարկությունը (կարելի է հիմք ընդունել վրացական փորձը): Մտահոգիչ է նաև բազմատեսակ փաստաթղթերով և լրացուցիչ ցուցակներով քվեարկելու հնարավորության ընձեռումը:

Երկրորդ, մաքրել ընտրական ցուցակները և դրանք նախապես հրապարակել, իսկ քվեարկությունից հետո հրապարակել քվեարկողների ցուցակները:

Երրորդ, վերանայել ռեյտինգային քվեարկության առաջարկվող մոդելը՝ այն համահունչ դարձնելով նոր Սահմանադրության տառին ու ոգուն:

Չորրորդ, հանել բոնուսային մանդատների հատկացման մասին դրույթը: Քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիաներ կազմել և խորհրդարանի 2/3-ի ձայներով Սահմանադրության որոշ դրույթներ փոխել, խիստ կարևոր է յուրաքանչյուր մանդատի արժեքը, որը պետք է տրվի միմիայն ժողովրդի քվեով:

Հինգերորդ, հանել կոալիցիաների ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը, քանզի այն հակասում է պառլամենտարիզմի գաղափարին:

Վեցերորդ, չսահմանափակել ընտրատեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների թիվը, փոխել դիտորդների հրավիրման առաջարկվող կարգը:

Բնականաբար, վիճելի այլ դրույթներ ևս կան, սակայն սրանք այն հիմնականն են, որոնք խոցելի են դարձնում մեր քաղաքական համակարգն ու ընտրական գործընթացները:

Կոչ եմ անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով:

Միջազգային շրջանակներին ևս առաջարկում եմ իրենց նպաստը բերել և՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, և՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով:

Ինչ վերաբերում է իմ և իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել